Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստերը վկայում են, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք հզոր և զարգացած երկրների չափանիշներին համապատասխան բազային կրթությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով սպաներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր (Saint-Cyr) ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները ս.թ. փետրվարի 2-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի լսարան՝ հագեցած դասավանդման ժամանակակից  տեխնիկական միջոցներով։ Բացման ժապավենը կտրել են Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի կադետ  ֆլավիեն Օլրին, ով ներկայումս ուսանում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, և կուրսանտ Էդուարդ Սողոմոնյանը։

Հյուրերը տպավորված էին մեր ռազմական  ակադեմիայում ուսումնական գործընթացի բարձր որակով։ Քննարկվել է երկու ակադեմիաների միջև համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու հարցը։ Առաջիկայում կուրսանտներ  Էդուարդ Սողոմոնյանը և Էրիկ Սահակյանը  կմեկնեն Ֆրանսիա և իրենց ուսումնառությունը կշարունակեն Սեն-Սիրի ռազմական ակադեմիայում։ 

Պետք է նշեմ, որ վերջին երկու տարում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կրել է որակական շրջադարձային փոփոխություններ, ինչի վկայությունը նաև աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատությունների կողմից մեծ հետաքրքրությունն է։ Առաջիկա օրերին  աշխարհի առաջավոր ռազմական ակադեմիաներից կադետներ կժամանեն  Հայաստան ՝ այստեղ շարունակելու իրենց ուսումնառությունը ։

Օրեր առաջ  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում, որի անդամ են 19 ռազմական ակադեմիաներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա և այլ երկրներ)։
ՀՀ կառավարությունն աննախադեպ միջոցներ է ձեռնարկել նաև ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, սպայական կոչում ստացած զինծառայողների սոցիալական ապահովման ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ 2022 թվականից  հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված զինծառայողներն ուսումն ավարտելուց   և սպայական կոչումը ստանալուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ Ուսումնառության ընթացքում կրթաթոշակը  կարող է հասել մինչև 170 հազար դրամ։

Փաստերը վկայում են, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք հզոր և զարգացած երկրների չափանիշներին համապատասխան բազային կրթությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով սպաներ, ովքեր լինելու են Հայաստանի Հանրապետության մարտունակ և հզոր բանակի ամենակարևոր բաղադրիչը։

Օգտվելով հնարավորությունից՝ տեղեկացնում եմ, որ անգլերեն և ֆրանսերեն լեզվի իմացությամբ 18-ից 23 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ուսումը շարունակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի ռազմական ակադեմիաներում, կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն կամ դիմումներն ուղարկել իմ պաշտոնական էլեկտրոնային փոստին՝  [email protected]»։