Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ համար. վարչապետ

«ՀԱՊԿ-ի հետ կապված իրադրություններին այս միկրոֆոնի մոտ կանգնած մի քանի անգամ անդրադարձել եմ»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկման, թե Նիկոլ Փաշինյանը «արևմտյան  միկրոֆոն տեսնելիս գանգատվում է Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից»:
«Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, և այդ պատասխանի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Իսկ հարցը շատ պարզ էր՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- ասաց վարչապետը և հավելեց, որ այդ հարցը ծագել է 2021թ. մայիսի, նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022թ. սեպտեմբերի  իրադարձություններից հետո:

Ինչպես նշեց վարչապետը, ՀԱՊԿ գործընկերները հրաժարվել են իրադրությանը տալ գնահատական:

Իսկ թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ում գործունեության սառեցում, վարչապետը նշեց. «Մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն մեկ տարի, մենք ՀԱՊԿ-ի միջոցառումներին արդեն տևական ժամանակ չենք մասնակցում: Մենք որևէ բան չենք արգելափակում, բայց և չենք մասնակցում՝ մի պարզ պատճառով. չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք»:

Վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգությունն ապահովելու դիրքորոշման փոխարեն անում է հակառակը. «Մենք հիմա դեֆակտո սառեցրել ենք, և եթե էս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք ուրիշ»: