Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն ադրբեջանական պրոպագանդայի երգն է երգում․ դելիմիտացիան և դեմարկացիան պետք է որևէ ձևով կապ չունենան Արցախի և Լաչինի միջանցքի կարգավիճակի հետ

Քոչարյանն ադրբեջանական պրոպագանդայի երգն է երգում․ դելիմիտացիան և դեմարկացիան պետք է որևէ ձևով կապ չունենան Արցախի և Լաչինի միջանցքի կարգավիճակի հետ
Հայաստան
16:21, 11 ноябрь 2021
Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում հայտարարել էր, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ իրավունք ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին միացնող ճանապարհին տեղակայելու իր սահմանապահներին, մաքսակետեր և ամբողջությամբ վերահսկելու է ճանապարհի շարժը։ 

Ըստ նրա՝ սահմանազատում նշանակում է, որ դու ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի ներսում։ Սա Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է։ Սա նշանակում է մեկ որոշում՝ Ադրբեջանի կազմում։ Սահմանազատումը այլ լուծում չի թողնում: Այսպիսին է իրականությունը։ Սահմանազատումից հետո Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու և ամբողջությամբ տեղաշարժը վերահսկելու օրինական իրավունք կստանա։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին։ Եվ նրան ոչ ոք չի կարող խանգարել, քանի որ դա օրինական քայլ կլինի»,- ներկաների առաջ հայտարարել է Քոչարյանը, որն, օրինակ, իր ղեկավարման ժամանակ՝ 1999թ. նոյեմբերի 19-ին, Ստամբուլում ստորագրելով  ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիան, ըստ էության ընդունել է, որ նաև ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։  

Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի, միջազգային իրավունքի մասնագետներ Արա Ղազարյանի և Արա Խզմալյանի հետ։
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ դելիմիտացիան և դեմարկացիան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների կոնֆիգուրացիայի մասին է, այդ կոնֆիգուրացիան ճշգրտելու մասին։  

«Իհարկե, Ադրբեջանը կերազեր, որ դրա տակ նաև փորձեր ներառել Լաչինի միջանցքում իր կողմից վերահսկելու իրավունքը և Ղարաբաղին, ըստ էության, ենթարկեր շրջափակման, ընդ որում՝ այդ շրջափակումը համարելով միանգամայն լեգիտիմ։ Մենք դա տեսել ենք 80-ականների վերջին, 90-ականների սկզբին՝ 90-91 թվականներին, երբ Ղարաբաղն ուղղակի խեղդվում էր մահվան օղակի մեջ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նրա խոսքով՝ իհարկե, դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները պետք է որևէ ձևով կապ չունենան Լաչինի միջանցքի կարգավիճակի հետ, իսկ Լաչինի միջանցքի կարգավիճակը պետք է նույնը լինի, ինչ որ Արցախինն է, իսկ դա որոշված չէ։ 

«Սա իհարկե նաև հայկական դիվանագիտության համար խնդիր է, որը պետք է լուծվի, բայց պետք է մեկը մյուսից տարանջատել։  Իսկ ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, որպես արդեն ապրիորի, նա ուղղակի ադրբեջանական պրոպագանդայի երգն է երգում, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։ 
  
Փաստաբան Արա Ղազարյանն էլ ասաց հետևյալը. «Նախ՝ այդ հայտարարության նպատակը ո՞րն է, որ չպե՞տք է արվի դելիմիտացիա։ Դա անխուսափելի է, դա  պետք է արվի, դա բխում է մարդկանց հիմնարար իրավունքներից։ Նախևառաջ՝ անվտանգություն, երկրորդ՝ կենսական պահանջներ և այլն։ Այսինքն՝ դա, այսպես թե այնպես իրականացվելու է։ Իսկ մնացած հարցերն արդեն աշխատանքային խմբերն են լուծում, այդ թվում՝ անցակետեր, տարբեր օրենքներ, որոնք պետք է  կարգավորեն համայնքների տեղաշարժի հնարավորությունները»,- ասաց Արա Ղազարյանը։

Խոսելով Քոչարյանի արտահայտած այն մտքի մասին, որ Ադրբեջանը դելիմիտացիայից հետո կվերահսկի ճանապարհի շարժը, փաստաբանն ասաց, որ ինքը չի կարողանում ըմբռնել, թե ինչ նկատի ունի շարժի վերահսկում ասելով, արդյոք հեռավորությունից դիտարկո՞ւմ, արտաքին դիտո՞ւմ իրականացնել, թե՞ քաղաքացիների հաշվառման մասին է խոսքը։

Նա նշեց, որ նման հայտարարությունները պետք է կոնկրետ հնչեն, այլ ոչ թե հռետորաբանության կոնտեքստում, եթե խոսում են կոնկրետ իրավիճակներից: Այստեղ կարելի է պատասխանել, բայց ավելի շատ դա  հռետորաբանություն է՝ ասված հանրահավաքի ժամանակ. երբ կոնկրետ ներկայացվի, արդեն կարելի է մտածել, թե ինչ ընթացակարգերով կարող են  կարգավորվել այդ հարաբերությունները։ 

«Կարծում եմ, որ դելիմիտացիան անխուսափելի է, բայց դա շատ երկար կարող է տևել, տարիներ կարող է տևել, բայց այդ գործընթացը հիմա էլ սկսված է։ Ադրբեջանը ուղեկալ է տեղադրում, մենք ենք սկսում ուղեկալ տեղադրել, սահմանները մոտավորապես նշմարվում են, լռելյայն, իներցիայով։ Այդ գործողություններն այսպես թե այնպես արվում են, ուղղակի որքան շուտ աշխատանքային խմբերը աշխատեն այդ ուղղությամբ, այնքան շուտ կարելի է առնել այդ սողացող էքսպանսիա հասկացության դեմը»,- ասաց Արա Ղազարյանը։                     
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն էլ ասաց, որ դելիմիտացիան տարբեր եղանակներով կարող է տեղի ունենալ և տարբեր համատեքստում, բայց, անշուշտ, եթե գնա այնպիսի տարբերակով, որ առանց որևէ վերապահման, առանց որևէ նշումի Արցախի կարգավիճակի հարցի մասով՝ Հայաստանն ընդունի, որ ԽՍՀՄ վարչական սահմանով այժմ անցնում է ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանը, ապա դա լուրջ խնդիր է առաջացնում։  

«Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կոնտեքստում անցակետ չի կարող տեղադրվել, իսկ այդ պայմանավորվածությունները առնվազն միակողմանի պարտավորություններ են, միջազգային  պայմանագիր չեն, բայց պարտավորություններ ստեղծում են Ադրբեջանի համար։ Բայց ամեն դեպքում դա կարող է նշանակել Արցախի կարգավիճակի անկախության մասով պահանջներից հրաժարում»,- ասաց Արա Խզմալյանը։ 

Նա նշեց, որ ինքը որևէ փաստաթուղթ չի հիշում, որտեղ կսահմանվի դելիմիտացիայի պահանջ, պարտավորություն։ Դրա մասին մեր պաշտոնյաները բազմիցս խոսել են, և հիմա Հայաստանին դժվար է հետ կանգնել ու ասել, որ մենք  դրան չենք գնալու։

Լիլիթ Թադևոսյան