Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջափնյակի գլխավոր փողոցներում ապամոնտաժվել է 30-ից ավելի ապօրինի կառույց, որոնք կառուցվել են պատերազմի և ընտրությունների ժամանակ. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Աջափնյակի գլխավոր փողոցներում ապամոնտաժվել է 30-ից ավելի ապօրինի կառույց, որոնք կառուցվել են պատերազմի և ընտրությունների ժամանակ. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
Հայաստան
16:00, 24 ноябрь 2021
Այս տարվա հուլիսի սկզբին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Սասուն Մկրտումյանը, որի նշանակումից հետո համայնքում զգալի տեղաշարժ նկատվեց բոլոր ոլորտներում։

Հիշեցնենք, որ այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում Աջափնյակում մեծ թափով ապօրինի շինություններ էին կառուցվում, սակայն Մկրտումյանի նշանակումից հետո դրանք ոչ միայն ապամոնտաժվեցին, այլև ապօրինի շինությունների կառուցումը դադարեց։

Այս և այլ հարցերի շուրջ Civic.am-ը զրուցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանի հետ։
«Այսօրվա դրությամբ Աջափնյակում զգալի առումով դրական փոփոխություն ունենք, մեր թեժ գծին ապօրինի շինությունների հետ կապված այլևս ահազանգեր չենք ստանում։ Շաբաթական 5-6 օրինական շինթույլտվություն ենք տալիս։ Այսինքն՝ ամեն ինչ օրինական հունով է գնում։ Սասուն Մկրտումյանի աշխատած ժամանակ Աջափնյակի գլխավոր փողոցներում ապամոնտաժվել է 30-ից ավելի ապօրինի կառույց, որոնք կառուցվել են պատերազմի ընթացքում և ընտրությունների ժամանակ»,- ասաց Արտակ Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկա պահին քաղաքաշինության հետ համատեղ երկու պուրակի նախագիծ է արվում՝ Ֆուչիկ-Մարգարյան խաչմերուկում, որտեղ ապօրինի կառույց է ապամոնտաժվել, և տեղում փոքրիկ պուրակ է կառուցվելու, իսկ մյուս նոր այգին կառուցվելու է Հալաբյան 21, 23, 25 շենքերի բակում։  

Ինչ վերաբերում  է կոմունալ խնդիրներին, Արտակ Հակոբյանը տեղեկացրեց, որ հենց հիմա Չուխաջյան փողոցում, որտեղ երկար տարիներ մի ամբողջ փողոց կոյուղու խնդիր է ունեցել, «Վեոլիա ջրի» հետ համատեղ կոյուղու վերանորոգման աշխատանքներ են կատարվում, փոխվել է նաև Հալաբյան 59 շենքի կոյուղագիծը։ 

«Ամբողջ Էստոնական փողոցի մայթերն ու եզրաքարերն են վերանորոգվել, Բուենոս Այրեսի անվան այգու խաղահրապարակի հատակը կփոխարինվի ռետինե հատակով։  Այդ ամբողջն իրականացվելու է համայնքապետարանի բյուջեով։ Հալաբյան փողոցի վերջնամասում՝ Մարգարյան այգուց մինչև ծննդատուն, փոխվում են եզրաքարերը և սալիկապատվում ռետրո սալիկներով, մինչև նոյեմբերի վերջ այդ աշխատանքները կավարտվեն։ Շիրազի 36 շենքի բակն է հիմնանորոգվել, 185 դպրոցի հետնամասում նոր այգի է կառուցվել, Արզումանյան 7 շենքի դիմաց փոքրիկ պուրակ է ստեղծվել, Նազարբեկյան փողոցի վերջնամասի եզրաքարերն են փոխվել»,- ասաց Արտակ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին Աջափնյակում իրականացվում է մոտ 58 միլիոն դրամ արժողությամբ  մուտքերի վերանորոգման ծրագիր, և մինչև դեկտեմբերի 1-ը կավարտվեն 45 մուտքերի վերանորոգման աշխատանքները, դրանից հետո ևս 40 մուտքեր կվերանորոգվեն։ Երեք շենքերում թեք լանջահոր տանիք են փոխել, իսկ հարթ տանիքների հետ կապված ծրագիրն արդեն ավարտվում է, բացի Նազարբեկյան թաղամասից, քանի որ այնտեղ համատիրություն չունեն, իսկ մոտ օրերս 17 թաղամասում համատիրություն են ստեղծելու։
Արտակ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախատեսում են մոտ 700 քմ խաղահրապարակների ավազե հատակները փոխարինել ռետինե հատակով։ 

«Ամենօրյա վերահսկողություն է գնում շինարարության ոլորտում, շինաղբի հետ կապված ամեն առավոտ մեր աշխատակիցները դուրս են գալիս մաքրում են։ Բակերի մաքրման հետ կապված Աջափնյակում մի փոքր խնդիր ունենք, քանի որ ներկա պահին մեր տված ութ սպասարկող սանմաքրման անձնակազմից ընդամենը չորսն են աշխատում՝ երկուսը վատառողջ են, երկուսն էլ աշխատանքից դուրս են եկել։ Սակայն այդ հարցը շուտով կկարգավորվի։ Քաղաքապետարանն այդ հարցը ավագանուն է ներկայացնելու, որպեսզի բակերը մաքրողների քանակն ավելացնեն»,- հավելեց Արտակ Հակոբյանը։

Լիլիթ Թադևոսյան