Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երեխայի շահը հաշվի չի առնվել». «Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթանակը վարկաբեկելու արշավում թիրախավորվել է նաև հաղթանակ տարած երեխայի անձը՝ որպես հաղթանակի կրող, ինչը խախտում է նրա իրավունքները

«Երեխայի շահը հաշվի չի առնվել». «Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթանակը վարկաբեկելու արշավում թիրախավորվել է նաև հաղթանակ տարած երեխայի անձը՝ որպես հաղթանակի կրող, ինչը խախտում է նրա իրավունքները
Հայաստան
18:39, 22 декабрь 2021
«Ես իր դեմ ոչ մի թշնամանք չունեմ, որովհետև ինքն էլ իմ պես աղջիկ է»,- այսպես է մեկնաբանել «Եվրատեսիլ-2021»-ում Հայաստանը ներկայացրած Մալենան իր հաղթանակի բերումով  ադրբեջանցի մասնակցի հետ ողջագուրվելու փաստը, որը բուռն ռեակցիա առաջացրեց մեզանում։ Հայաստանի մասնակիցը նշել է նաև, որ հաղթանակը նվիրում է Հայաստանին ու հայերիս և շատ է ուզում այսուհետ ևս «Հայաստանի անունը շատ բարձր պահել ամեն երկրում»։  

Երեկ «Եվրատեսիլ»-ում  ՀՀ պատվիրակությունը  վերադարձել է հայրենիք, Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունների արդյունքում հաստատվել է, որ  հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է  ՀՀ-ում։ Մինչդեռ  սոցցանցային տգեղ ու վտանգավոր արշավը, որը տարվում է ՀՀ հաղթանակի առթիվ, դեռևս շարունակվում է, ընդ որում՝ նոր երանգավորմամբ։ Նկատենք, որ 2010-ին, երբ առաջին անգամ ՀՀ-ն հաղթեց այս մրցույթում, մեր երկիրը  ներկայացնում էր արցախցի երեխան՝ Վլադիմիր Արզումանյանը, որի հաղթանակը, ի տարբերություն այս տարի տարած հաղթանակի, ընկալվեց ըստ էության առանց այլևայլ հետևությունների։ Ներկայումս ԱՄՆ-ում ապրող Արզումանյանը, ի դեպ, հաղթանակի առթիվ շնորհավորել է Մալենային։  

Հարկ է նշել, որ երգի մրցույթում ՀՀ տարած հաղթանակը 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ «կոմպենսացնելու» թեզի հետևորդները անտեսում են կարևոր մի հանգամանք. քննադատության թիրախում  թեև հաղթանակն է որպես փաստ և դրա յուրովի մեկնաբանումը, այդուհանդերձ, թիրախավորվում է  նաև հաղթանակ տարած երեխայի  անձը՝ որպես հաղթանակի կրող։  Իսկ երեխաները, ինչպես հայտնի է, թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենսդրությամբ  ամրագրված իրավունքներ ունեն, որոնց սպասարկման առանցքում երեխայի լավագույն շահն է։ ՀՀ Սահմանադրության 37 հոդվածով, օրինակ, մասնավորապես  սահմանվում է` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան։ «Երեխայի  իրավունքների մասին» ՀՀ օրենքն էլ ամրագրում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի՝ ֆիզիկական, հոգեկան և այլն, բռնությունից պաշտպանության իրավունք։ Միջազգային փաստաթղթերում ամրագրված է, որ ցանկացած  երեխա ունի կարծիք արտահայտելու իրավունք, ինչպես նաև խղճի, արտահայտվելու ազատություն։  

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետ Էդուարդ Իսրայելյանը մեզ հետ զրույցում նախ տարակուսեց, թե ինչպես  կարելի է  մշակութային միջոցառումը՝ երգի մրցույթը,  կապել քաղաքական խնդիրների հետ։ «Ընդհանուր սկզբունք է՝ ամեն ոք իր  գործողություններով ամեն ինչ պետք է անի, որպեսզի չվնասի երեխային՝ հաշվի առնելով ամեն երեխայի լավագույն շահը։ Սակայն, դատելով քննադատություններից, որոնք ներկայացրիք, երեխայի շահը հաշվի  չի առնվել։ Ինքն իրականում ոչ մի վատ բան չի արել՝ գնացել, երաժշտական մրցույթում հաղթել է, մեր դրոշն է մրցույթի ժամանակ երևացել և այլն։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում»,- նկատում է Իսրայելյանը՝ հավելելով, թե այսօրինակ խոսակցություններից, վստահաբար, երեխան ոչինչ չի շահել, «և ենթադրում եմ՝ նույնիսկ տխրել է, որ իր  հաղթանակը չգիտես ինչ երևույթների հետ են կապում»։ «Ես ուղղակի կոչ կանեմ, որ բոլորը հաշվի առնեն կարևոր մի հանգամանք՝  ցանկացած քայլ անելիս հաշվի առնել միջազգային և ներպետական օրենսդրությամբ, այդ թվում՝ Սահմանադրւթյամբ ամրագրված կարևոր սկզբունքը՝ երեխայի շահը»,- ասաց մեր զրուցակիցը։

«Այգ» հոգեբանական կենտրոնի մանկական հոգեբան Վարուժան Մելքոնյանն էլ հարցին, թե ինչպես կարող է հանրային նման արձագանքը՝ երբ քաղաքականացվում է հաղթանակը, անդրադառնալ երեխայի հոգեբանության վրա, արձագանքեց. «Եթե երեխայի մոտ ենթադրյալ հոգեբանական խնդիրներ առաջանան, և զգացվի, որ հոգեվիճակի շտկման աշխատանքներ են պետք,  մենք  կաշխատենք այդ ուղղությամբ, անպայման կաջակցենք, որ այդ խնդիրները երեխան հաղթահարի։ Ինչ վերաբերում է սոցցանցերում տեղ գտած մեկնաբանություններին ու դրանք հոգեբանական տեսանկյունից մեկնաբանելուն, ապա դա շատ բարդ գործ է, մենք չենք զբաղվում այդպիսի գործունեությամբ։ Դա լուրջ հետազոտական աշխատանք է ենթադրում՝ գնալ, գտնել այն արմատները, թե ինչից է գալիս, որ մենք էդպիսի ուղղվածությամբ ենք մեր ուղեղները ակտիվացնում, ինչո՞ւ ուրիշ բան չմտածեցինք, այլ հենց էդպես մտածեցինք...»։ 

Իսկ ի՞նչ սկզբունք պետք է որդեգրել որևէ երեխայի մասին հանրային կարծիք հայտնելուց առաջ։ «Հանրային կարծիք հայտնելը պատասխանատվություն է ենթադրւմ, իսկ եթե դա անում են անպատասխանատու մարդիկ՝ լավ չէ։ Եթե կարծիք հայտնողը պատասխանատու մարդ է, ապա նախօրոք ծանրութեթև կանի կարծիք հայտնելուն հաջորդող բոլոր հնարավոր հետևանքները։ Խոսքի ազատությունը բերել է մի տեղ, ինչի մասին դուք հիմա բարձրաձայնում եք»,- նշեց հոգեբանը՝ նկատի ունենալով ծավալվող արշավը։ Նկատեցինք, որ երեխաների իրավունքները պաշտպանված են միջազգային և ներպետական օրենսդրությամբ։  Հոգեբանն ի պատասխան ասաց՝  թող իրավաբանները քննեն, տեսնեն, թե այդ հայտարարությունների հեղինակները օրենքի որ կետերն են խախտում, և իրավական գործընթաց իրականացնեն։ 

«Մեր անելիքը հոգեբանական տեսանկյունից է՝  լուրջ, բազմաշերտ հետազոտություն անել, տեսնել, թե նմանատիպ հայտարարությունները հոգեբանական ինչ ազդեցություն են ունենում տվյալ երեխայի կամ երեխաների  հոգեբանության վրա, ինչպես են ազդում պետության հեղինակության  և նաև  մեր բոլորի հոգեվիճակի վրա։  Սիրողական մակարդակով չի կարելի այս հարցերին մոտենալ, դրանք պրոֆեսիոնալիզմ պահանջող հարցեր են»,- ասաց նա։ 

Ընդգծենք, որ մրցույթը լուսաբանած արտերկրյա լրատվականները  նշում են, որ բացի շքեղ շոու կազմակերպելուց՝ կազմակերպիչների հիմնական խնդրի շարքում է նաև երեխաներին ցանկացած, այդ թվում՝ քաղաքական ճնշումներից պաշտպանելը։ Քաղաքական որևէ  հայտարարության կամ որևէ մասնակցի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով խտրական երանգի հայտարարության  դեպքում մասնակից երկիրը կարող է նկատողություն ստանալ, ընդհուպ՝ որակազրկվել։ 

Խնդրի առնչությամբ արձագանք-մեկնաբանություն ստանալու համար երեկ դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որն ունի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։ Խոստացան, որ կապ կհաստատեն մեզ հետ, սակայն մինչ այժմ որևէ կերպ չեն արձագանքել։     

Հեղինե Մանուկյան