Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին բնակավայրերում գույքագրում է կատարվում, որպեսզի հասկանանք, թե առաջնային լուծումներ պահանջող խնդիրները որոնք են. Արտաշատի քաղաքապետ․ Տեսանյութ

«Արդեն իսկ հունվարի 4-ին անցկացրել ենք 2022 թվականի առաջին խորհրդակցությունը՝ տեղակալների, խորհրդականների, ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, և հստակ հանձնարարականներ են տրված, որպեսզի գույքագրեն մեր 37 բնակավայրերում և Արտաշատ քաղաքային համայնքում առաջնային խնդիրները, և լծվենք աշխատանքի»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ 

Նա հավելեց՝ իրենք նախատեսել են, որ այն, ինչ իրենց նախընտրական ծրագրում նշված է եղել, և քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել են, այն խնդիրները, որոնք ներկայացրել են համայնքի բնակիչները՝ լուսավորության, աղբահանության, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մուտքերի դռների, պատուհանների խնդիրներ, մինչև 2022 թվականի կեսերը լուծում տալ, լուսավորության համակարգ անցկացնել։   

Բացի դրանից, այս պահի դրությամբ բնակավայրերում  գույքագրվում են խնդիրները, որպեսզի հասկանան, թե առաջնային լուծումներ պահանջող խնդիրները որոնք են, իսկ առաջիկայում կմասնակցեն նաև սուբվենցիոն ծրագրերի։
Խոսելով նաև հունվարի երկուսին տեղացած ձյան մասին՝ Կառլեն Մկրտչյանն ասաց, որ տեղացած ձյան հետևանքով թե՛ Արտաշատ քաղաքում, թե՛ այլ բնակավայրերում որևէ խնդիր չի առաջացել, և շատ օպերատիվ կերպով կազմակերպել են աղով և ավազով  մշակումը։ 

«Այս պահին համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների հետ քննարկում ենք, որ աղբահանության մեքենայի հարց լուծենք, որպեսզի խոչընդոտներ չառաջանան։ Մեր ունեցած տեխնիկան հնամաշ է, և ավելի շատ ծախս ենք անում այդ մեքենաների վրա։ Այս պահին ուզում ենք ամբողջովին նոր տեխնիկա ձեռք բերել, որպեսզի թե՛ աշխատանքները չխոչընդոտվեն, թե՛ ծախսերը քչանան»,- ասաց Կառլեն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան