Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք 2018թ.-ից սկսած վարչական լծակ չենք օգտագործել և չենք օգտագործելու. Արտաշատի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Մենք 2018թ.-ից սկսած վարչական լծակ չենք օգտագործել և չենք օգտագործելու. Արտաշատի քաղաքապետի ՔՊ թեկնածու
Քաղաքականություն
16:45, 09 ноябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Արտաշատ խոշորացված համայնքում ևս այդ օրը ընտրություններ են լինելու։ ԿԸՀ ներկայացրած դաշինքներից  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, «Օրենք և արդարության» ցուցակը՝ Կարեն Ղազարյանը, որը եղել է Արտաշատի նախկին փոխքաղաքապետ, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցության ցուցակը՝ Տիգրան Շահբազյանը, որը ռազմագիտության ուսուցիչ է, «Հայրենիք» կուսակցության ցուցակը՝ Անդրանիկ Կիրակոսյանը, որը ՊԵԿ նախկին աշխատակից է, «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է հոգևորական Ֆիլիկ Հակոբյանը։ 

Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորում է Մանվել Հայրապետյանը, որը մոտ 30 տարի եղել է Բերքանուշ համայնքի ղեկավարը։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է մի քանի օրից։  

Ընտրությունների թեմայով Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կառլեն Մկրտչյանի հետ։ 

- Պարոն Մկրտչյան, Դուք կուսակցական որոշմամբ եք առաջադրվել որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու։ Ոչ վաղ անցյալում ղեկավարելով «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը՝ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք առաջադրվել որպես քաղաքապետ։ 

- 2018 թվականի հեղափոխությունից հետո Արտաշատի տարածաշրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարն եմ եղել, այնուհետև Արարատի մարզպետի խորհրդական, հետո «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն, և իմ կատարած աշխատանքները՝ թե՛ կուսակցական բնագավառում, թե՛ բնակիչների արձագանքները, նպաստեցին, որ առաջադրվեմ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։

- Ինչպիսի՞ առաջնահերթ չլուծված խնդիրներ կան Արտաշատում, որոնք Ձեր ընտրվեուց հետո պատրաստվում եք իրականացնել։

- Այդ ոլորտները շատ են, առաջնային խնդիրներից մեկը ոռոգման համակարգն  է, որին ես շատ լավ տիրապետում եմ, թե՛ ներտնտեսային ցանցի, թե՛ միջտնտեսային ցանցի հետ կապված մեծ աշխատանքներ կան կատարելու։ 2018 թվականից հետո աշխատանքներ արվել են, բայց մինչ այդ շատ քիչ աշխատանքներ են կատարվել կանաչապատման ոլորտում, ասֆալտի, բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի բարեկարգման, տանիքների, լուսավորության, որն Արտաշատում ամբողջական չէ, և դեռ պետք է իրականացնենք, մանկապարտեզները պետք է վերանորոգվեն, հիմնանորոգվեն, և այլն։

- Հոկտեմբերի 7-ին Դուք նշանակվել եք Արտաշատ քաղաքի համայանքապետի ԺՊ։ Բացառո՞ւմ եք Ձեր օգտին վարչական լծակների օգտագործումը ընտրությունների ժամանակ։ 

- Մենք 2018թ.-ից սկսած վարչական լծակ չենք օգտագործել և չենք օգտագործելու։

- Նախընտրական այս ժամանակահատվածում այսօր ի՞նչ  իրավիճակ է տիրում Արտաշատում։

- Այս պահի դրությամբ նորմալ վիճակ է, ոչ մի արտառոց բան չեմ նկատել, բոլոր ուժերը զբաղված են իրենց գործերով։

- Առաջադրված ուժերի մեջ կան այնպիսիները, որոնք տարիներ շարունակ իշխանության մեջ են եղել, բայց Արտաշատում ակնհայտ բարեփոխումներ նկատվեցին 2018 թվականից հետո, այդ թվում՝ Ձեր նախկին ղեկավարած ոլորտում, ըստ Ձեզ՝ հատկապես նախկիններն ինչպիսի՞ շանսեր ունեն։ Ո՞ր ուժին եք համարում Ձեր հիմնական մրցակիցը։

- Ես մեր շանսերի մասին կարող եմ ասել, որ միանշանակ դեկտեմբերի 6-ին մենք մեր հաղթանակը նշելու ենք։ Իսկ իրենց շանսերը՝ նայած ինչ աշխատանքներ կտանեն, ինչ ծրագրեր կներկայացնեն։ Ըստ իրենց ներկայացրած ծրագրերի էլ ժողովուրդը կորոշի՝ իր քվեն ում է տալիս։ Մենք էլ մեր ծրագիրը կներկայացնենք։   

- Ձեր ընտրվելուց հետո կա՞ հնարավորություն, որ մարզկենտրոն Արտաշատն այնպես կբարեկարգվի, որ հետաքրքիր ու գրավիչ կդառնա նաև զբոսաշրջիկների համար։ 

- Մեր ծրագրի մեջ նպատակ կա համայնքում հիմնելու զարգացման և զբոսաշրջության կենտրոն, զարգացնելու համայնքային զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ ձևավորելով «Ազատի ջրամբար-Գետազատի բուրգ-Դվինի հնավայր» զբոսաշրջային գոտին։ Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում  դիտարկել Գառնի-Լանջազատ ճանապարհի հարակից հատվածներում նոր զբոսաշրջային գոտիների և ժամանցի վայրերի հիմնման ծրագրերի օժանդակության հնարավորությունները, ինչպես նաև  նպաստել ագրոտուրիզմի, արկածային, մշակութային և հնագիտական տուրիզմի զարգացմանը։

Լիլիթ Թադևոսյան