Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաղարծիի բնակիչներն իրենց ապագան տեսնում են միայն Արցախում՝ իրենց հայրենի գյուղում. համայնքի ղեկավար

Կաղարծիի բնակիչներն իրենց ապագան տեսնում են միայն Արցախում՝ իրենց հայրենի գյուղում. համայնքի ղեկավար
Հասարակություն
15:46, 17 декабрь 2021
ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչները տեսնում են իրենց ապագան միայն Արցախում՝ իրենց հայրենի գյուղում, և հենց այդ ձգտումով և վստահությամբ էլ աշխատում և արարում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը և նշել, որ համայնքում ապրում է 353 բնակիչ:

«Կաղարծիում կառուցվել է բազմաբնակարան շենք՝ 14 բնակարանով, որտեղ հիմնականում տեղավորվել են տեղահանված ընտանիքները: Տեղահանված բնակիչները ընդգրկված են շինարարական տարբեր աշխատանքներում, մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք լուծել նրանց խնդիրները, որպեսզի նրանք իրենց զգան հայրենի բնօրրանում:

Պատերազմի հետևանքով մոտ 13 բնակելի տուն վնասվել է, որոնք ներկայացված են վերանորոգման: Իսկ 5 չբնակեցված առանձնատների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. դրանք նախատեսված են տեղահանված բնակիչների համար:

Գյուղամիջյան ճանապարհների 25 տոկոսը ասֆալտապատվել է, ինչի շնորհիվ տարվա ցանկացած եղանակի երթևեկությունը անխափան կլինի:

Համայնքի խնդիրներն աստիճանաբար լուծում ենք, դիմում ենք համապատասխան մարմինների և ստանում աջակցություն», - ներկայացրեց համայնքի ղեկավարը և հավելեց, որ գյուղը, ցավոք, 3 զոհ է ունեցել պատերազմի ժամանակ: