Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Ղազանչին ոռոգման ջրի խնդիր ունի. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

Նոր Ղազանչին ոռոգման ջրի խնդիր ունի. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը
Հասարակություն
13:37, 10 декабрь 2021
ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքը 178 բնակիչ ունի. նրանք թշնամու աչքի առաջ էլ շարունակում են արարել սեփական հողի վրա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչիի համայնքապետ Ռուսլան Առուստամյանը, ով վերջերս համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրվել է:

«Շուշիից տեղահանված մեր հայրենակիցներից 1 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 4 հոգով: Ազատ բնակֆոնդում 4 տուն ունենք, եթե ցանկացողներ լինեն բնակվել մեր համայնքում, ապա կվերանորոգենք ու սիրով տրամադրնք նրանց: Համայնքապետարանի և ակումբի շենքերը բարեկարգման կարիք ունեն: Բուժկետ չունենք,անհրաժեշտության դեպքում` դիմում ենք հարևան Կիչան համայնքում տեղակայված կետից: Հանդիսությունների սրահը ևս վերանորոգման կարիք ունի. գույքի պակաս կա: Ներհամայնքային ճանապարհների 80%-ը բարեկարգված է: Շուրջ 7 ամիս է` ոռոգման ջրի խնդիր ունենք, պետք է անհապաղ լուծում տանք հարցին: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությունը գնալով մեծանում է»,- ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը նշել է` 44-օրյա պատերազմի ընթացքում, բարեբախտաբար, գյուղը զոհ չի տվել, սակայն 1 համագյուղացի պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվել է:

Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ռ. Առուստամյանն ասել է, որ թեկուզ թշնամու դիրքը իրենց գյուղից շատ մոտ է, այնուամենայնիվ, գյուղացիները չեն ընկճվում, շարունակում են ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա: