Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչինչ էլ չեն անում, իրանք հանրապետական են, հլը մի հատ էլ խնդում են»․ Ձորագյուղում ջրի խնդիրը չի կարգավորվում․ ՋՕ-ից ահազանգերին արձագանքեցին 2 շաբաթ անց

«Ոչինչ էլ չեն անում, իրանք հանրապետական են, հլը մի հատ էլ խնդում են»․ Ձորագյուղում ջրի խնդիրը չի կարգավորվում․ ՋՕ-ից ահազանգերին արձագանքեցին 2 շաբաթ անց
Հասարակություն
19:58, 14 июль 2021
Civic.am-ը դեռ երկու շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից ահազանգ էր ստացել, որ գյուղում խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված խնդիր կա եւ պատկան մարմինները անգործության են մատնված։

Այսօր էլ գյուղացիներից՝ Դանիել Խաչատրյանը կրկնում է նույնը՝ ոռոգման ջուր չկա․ «Ընդհանրապես ջուր չկա։ Կողքի գյուղերը ջուրը կտրում տանում են, 100 տնտեսություն թողել գնացել են», - ասաց նա։

Հարցին՝ մարզպետարանից ու գյուղապետարանից ի՞նչ են ասում, Խաչատրյանը պատասխանեց․ «Ոչինչ էլ չեն անում, իրանք հանրապետական են, հլը մի հատ էլ խնդում են, ասում՝ էս ինչ ես բողոքում, ի՞նչ ես անում։ Նման պահանջ, որ դնում ենք՝ ոնց-որ վատ մարդ լինենք։ Մենք չունենք համայնքապետարան, տարին մի անգամ կամ երեք տարին մի անգամ ժողով չեն անում, որ մարդ իմանա ինչ ա կատարվում», - ասաց նա եւ հավելեց, որ խմելու ջուրը հիմա նորմալ է։

Մեկնաբանելով խնդիրը՝ Գեղարքունիքի ՋՕ-ի տնօրենի պաշտոնակատար Արտուշ Սարդարյանը ասաց․ «Մենք ստացել ենք գրություն, որ Ձորագյուղ համայնքից բնակիչը ջրի հետ կապված խնդիր է բարձրաձայնել, գնացել ենք եւ պարզել՝ չկա նման խնդիր։ Ասեմ ավելին՝ մեկ շաբաթ է Ձորագյուղ համայնքում պոմպակայանը անջատած է, քանի որ ջրի պահանջարկ չունեն»։

Պնդմանը, որ բնակիչը մեզ նկարներ է ուղարկել, որտեղ պարզ երևում է, որ դաշտերը չորացել են, Սարդարյանը պատասխանեց․ «Պետք է տեսնել, որ հատվածի մասին է խոսքը, որովհետեւ այնտեղ համայնքն էլ ունի ոռոգման առանձին սպասարկող աղբյուր: Եթե ջրօգտագործողը չունի մեր հետ պայմանագիր՝ մենք իրավունք չունենք ջուր տալու։ Պետք է հասկանալ մեր հետ ունի՞ պայմանագիր, թե՞ չունի», - ասաց Սարդարյանը եւ այնուհետեւ հավելեց, որ արդեն պարզել են՝ խնդիրը համայնքի հետ է կապված․ «Մեր աշխատողը գնալու է տեղում տեսնի խնդիրը ինչի հետ է կապված, երեկոյան գնալու է գյուղ, ոնց հասկացա ՋՕ-ի հետ կապված խնդիր չէ»։

Իսկ համայնքապետ Լևիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ համայնքը գործ չունի խնդրի հետ, որովհետեւ համայնքը Մարտունու ՋՕ անդամ է․ «Դանիելը պայմանագիր չունի, որովհետեւ իրենք իրենց թաղամասով ունեն անհատական ջրի պոմպ։ Համայնքապետարանը ի՞նչ գործ ունի։ Ոչ միայն Դանիելինը, այլ 25 տուն, ունեն անհատական նասոս, իրենք գնում են միացնում։ Գյուղապետը ի՞նչ գործ ունի, թող դիմեն ջրային տնտեսություն, պայմանագիր կնքեն»։

Այնուհետեւ բնակիչը՝ Դանիել Խաչատրյանը, ասաց, որ Գեղարքունիքի ՋՕ-ից զանգել են, որ գնան տեսնեն եւ արձագանքելով գյուղապետի այն պնդմանը, որ  գյուղապետարանը կապ չունի, որովհետեւ բնակիչները առանձին  ջրային պոմպ ունեն, ասաց․ «Անցած տարի իրանք են մեզ ջուր տվել, փողը տարել ենք տվել։ Էս տարի նասոսը փչացել է՝ մենք ենք նորը առել տարել դրել։ Գյուղապետը տեսնում եք ո՞նց ա ֆռցնում ձեզ։ Միշտ էլ եկել են՝ փողը տվել ենք ջրի, ո՞նց չունենք պայմանագիր, խաբում են։ Զանգեք գյուղապետին հարցրեք՝ անցած տարի առանձի՞ն է եղել, էդ մարդիկ վարձ տվե՞լ են, թե՞ չէ։ Գյուղապետը քեզ խաբում է, ոնց կարող է պատահել անցած տարի կնքել ենք, էս տարի չէ։ Փողը տալիս ենք գյուղի միրաբին, թե ինչքանն ինչ են անում՝ չգիտեմ, 7 տարի է գյուղապետն է մեզ ջուր տալիս, մենք էլ տալիս ենք իրան։ Ի՞նչ են ուզում, ինչի՞ են ֆռռցնում մարդկանց»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում հուլիսի 2-ին ասել էր, թե  Ձորագյուղ համայնքում ջրի բաշխման շարժիչի հետ կապված խնդիր է եղել, որը կարգավորվել է։ 

Խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակաով փորձեցինք կապ հաստատել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։