Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզի համայնքների ոռոգման ջրի խնդիրը լուծվել է, ոչ թե օրենքով թույլատրված 3, այլ 2,5 օրում․ «ՋՐԱՌ» ՓԲԸ փոխտնօրեն

Արմավիրի մարզի համայնքների ոռոգման ջրի խնդիրը լուծվել է, ոչ թե օրենքով թույլատրված 3, այլ 2,5 օրում․ «ՋՐԱՌ» ՓԲԸ փոխտնօրեն
Հասարակություն
13:47, 28 июнь 2021
Արմավիրի մարզի համայնքների ոռոգման ջրի խնդիրը լուծվել է, դեռևս շաբաթ երեկոյան։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց «ՋՐԱՌ» ՓԲԸ փոխտնօրեն Էդիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք բողոքում էին, որ համայնքները զրկված են ոռոգման ջրից և պատասխանատուներից և՛ ջուր էին պահանջում, և՛ փոխհատուցում՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով վնասված բերքի դիմաց։

«ՋՐԱՌ» ՓԲԸ փոխտնօրենն անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ ստորին Հրազդան ջրանցքը, որով ոռոգման ջուրը գնում է դեպի Արմավիր, այդտեղի ջրանցիկ պատն էր փլուզվել, իսկ այդ պատը գտնվում է Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ «Հարակից տարածքների բնակիչները դեռևս 70-80 ականներին ջրանցիկ պատն օգտագործել են ապօրինի շինություններ կառուցելու համար։ Մարդիկ կամուրջ կամ շենք սարքելու համար ոչ թե լրացուցիչ ֆունդամենտ են դրել, այլ ջրանցիկ պատն են օգտագործել։ Այդ կառույցների պատճառով ջրանցիկ պատը փլվել էր և ջուրը լցվում էր հարակից տարածքում գտնվող մանկապարտեզներն ու բնակելի տները, հետևաբար ստիպված էինք անջատել ջուրը»։ 

Էդիկ Սարգսյանը հավելեց նաև, որ վթարի հետ կապված աշխատանքներն ավարտվել են դեռևս շաբաթ օրը, և երեկոյան 20։00-ին ջուրը բաց են թողել, սակայն գլխամասից մինչև ջուրը հասնի Արմավիր՝ մոտավորապես 10-ը ժամ է պետք։ «ՋՐԱՌ» ՓԲԸ փոխտնօրենի խոսքով՝ երեկ Արմավիրի մարզի այն համայնքները, որոնք ջրազրկվել էին՝ արդեն իսկ ոռոգման ջուր են ունեցել։   

Ինչ վերաբերում է գյուղացիների բարձրացրած բերքի վնասի փոխհատուցման պահանջին՝ «ՋՐԱՌ» ՓԲԸ փոխտնօրենն ասաց, որ «Ջրային օրենսգիրքն» ու բնակիչների հետ կնքված պայմանագրերը թույլ են տալիս 3 օր ջրազրկել․ «Հրատապ հարց էր առաջացել վերանորոգման, որն աշխատակիցներն արեցին ոչ թե երեք օրում, այլ 2,5 օրում»։ 

Նարա Մարտիրոսյան