Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ մամուլը կրկին բարձրաձայնում է ջրազուրկ արմավիրցիների խնդիրը, գյուղատնտեսության վարչության պետը փաստում է՝ ոռոգման ջրի հարցը լուծված է

Մինչ մամուլը կրկին բարձրաձայնում է ջրազուրկ արմավիրցիների խնդիրը, գյուղատնտեսության վարչության պետը փաստում է՝ ոռոգման ջրի հարցը լուծված է
Հասարակություն
17:24, 28 июнь 2021
Արմավիրի այն մարզերում, որտեղ ոռոգման ջրի խնդիր էր առաջացել՝ ջրանջատում, երեկ առավոտվանից այդ հարցը լուծվել է, բայց գյուղացիների լարվածությունը դեռ չի թուլացել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով օրերս անջատվել էր Արմավիրի մի շարք բնակավայրերի ոռոգման ջուրը։ Գյուղացիները բողոքի ցույց էին անում՝ պատասխանատուներից՝ պահանջելով և՛ ջրի վերականգնում, և՛ փոխհատուցում փչացած բերքի համար։ Մի շարք լրատվամիջոցներ՝ այդ թվում 168.am-ն ու Aravot.am-ն այսօր կրկին հրապարակեցին գյուղացիների դժգոհությունը։ Ըստ Aravot.am-ի՝ գյուղացիները ջրազուրկ են և ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ չի լուծվել՝ չնայած խոստումներին։ Մինչդեռ մենք կապ էինք հաստատել  «ՋՐԱՌ» ՓԲԸ, որտեղից հավաստիացրել էին, որ ինչպես խոսացել էին խնդիրն արագ լուծել, այդպես էլ արել են։ 

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանն անդրադառնալով մեր հարցին՝ եթե ջրի հոսքը վերականգնվել է, ինչու՞ են գյուղացիները շարունակում բողոքել՝ արձագանքեց․ «Երեք օրով ջուրն անջատվել էր, բայց երեկ առավոտից 90խմ ջրի քանակությունը վերականգնվել է։ Լարվածությունը 2 օր հետո նոր կթուլանա։ Բոլորը միանգամից չեն կարողանում ջրել, որպեսզի բոլորը միանգամից ջրեն տասն անգամ ավել քանակություն պետք է տան։ Անհնարին բան է, որ բոլորը մեկ օրվա մեջ ջրեն»։ 

Aravot.am-ը բարձրաձայնել է նաև այն խնդիրը, որ մարդիկ դժգոհում էին, որ սկզբից լիտրով էին ջուրն իրենց տալիս, իսկ հիմա ժամավճարով, ու այս պարագայում վերահսկելի չէ, թե ով որքան ջուր է օգտագործել:

Գյուղատնտեսության վարչության պետը պարզաբանեց, որ ժամավճար չկա, դա կարող է լինել միայն խորքային հորերի դեպքում․ «Հաշվեն մեկ ժամում քանի խորանարդ մետր ջուր է անում այդ նասոսը՝ խորքային հորը և սեփականատերն այդքան վճարի, ոչ թե ավել վճարի։ Օրենքով պետք է խորանարդ մետրի համար վճարել, ուղղակի ջրբաշները՝ մոտավոր հաշվարկ են անում՝ մեկ ժամում ինչքան խորանարդ մետր ջուր կարող ես օգտագործել, որպեսզի 11 դրամով հաշված այդ գումարը վճարվի, դա միշտ այդպես է եղել, դա ներքին պայմանավորվածություն է»։ 

Հարցին՝ ներքին պայմանավորվածության դեպքում ավելի քի՞չ են վճարում՝ Արթուր Այվազյանն արձագանքեց․ «Թող սեփականատերն այդ հաշվարկն անի, եթե իրեն ձեռք չի տալիս, թող չհամաձայնի, ասի՝ իմ ջուրը տվեք, ես պայմանագրով ինչ նախատեսված է՝ գումարը կվճարեմ»։ 

Նարա Մարտիրոսյան