Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն․ artsakhpress.am

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն․ artsakhpress.am
Հասարակություն
16:27, 01 ноябрь 2021
Ալվինա Սարգսյանն իր ամուսնու և 3 տարեկան երեխայի՝ Ալեքսի հետ պատերազմի պատճառով Շուշիից տեղահանվել և ապրիլի 20-ին հաստատվել է ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում:

Նրանց հետ են ապրում նաև Ալվինայի թոշակառու մայրն ու հայրը՝ Սվետլանա և Յուրի Բաղրյանները, ովքեր տեղահանվել են Հադրութից:

«5 հոգով ենք ապրում Քոլատակում, մեր ընտանիքին այս համայնքում բնակարան են տվել, քանի որ ամուսինս երկար տարիների զինծառայող է: Շուշիում գորգագործությամբ էի զբաղվում, իսկ այստեղ տեղափոխվելուց հետո չեմ աշխատում: Թեև լրացել է ամուսնուս ծառայության 20 տարին, բայց նա չի շտապում զորացրվել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և ուրիշ տեղ չի պատկերացնում մեր ընտանիքի ապագան», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալվինա Սարգսյանը։

Ալվինայի ծնողները հողագործությամբ են զբաղվում և չեն ուզում Արցախից հեռանալ, միայն խաղաղություն են ցանկանում, որպեսզի շարունակեն այստեղ ապրել:

Յուրի Բաղրյանը Հադրութում ամեն տեսակի աշխատանք արել է ու թեև հիմա թոշակառու է, բայց շարունակում է արարել հայրենիքում: Նա պատրաստ է կնոջ հետ վերադառնալ Հադրութ և նորից կյանքով լցնել իր տունը: