Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սղնախի ու ևս 3 գյուղի տեղահանված բնակիչների համար Արցախում նոր գյուղ է կառուցվում

Սղնախի ու ևս 3 գյուղի տեղահանված բնակիչների համար Արցախում նոր գյուղ է կառուցվում
Հասարակություն
19:12, 13 июль 2021
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարևանությամբ ամբողջությամբ նոր գյուղ է կառուցվում։

Շինարարության ավարտից հետո այդտեղ հիմնականում բնակություն կհաստատեն պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սղնախ գյուղի բնակիչները։ Կառուցվող գյուղում տներ կհատկացվեն նաև Սղնախի հարևանությամբ գտնվող Ջրաղացներ, Մադաթաշեն և Մոշխմհատ գյուղերի՝ տները կորցրած գյուղացիներին, փոխանցում է hetq.am-ը:

Կառուցվող գյուղի տեղանքի ընտրությունը պայմանավորված է եղել Սղնախ գյուղի բնության նմանությամբ։ Տեղանքի հարևանությամբ անտառներ են։

Սղնախ համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանի խոսքով, կառուցապատումն իրականացվում է իրենց համագյուղացուն՝ Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ընկերության կողմից, ընկերության միջոցներով։ Շինարարական աշխատանքներին մասնակցում են նաև Սղնախ և Ջրաղացներ գյուղերի տղամարդիկ։



Գյուղի երկու կողմում այգիներ կհիմնվեն, որպեսզի բնակավայրը պաշտպանեն փոշիներից։ Կկառուցվի համայնքային կենտրոն, բուժկետ, ոստիկանության համար գրասենյակ։ Գյուղը մանկապարտեզ և դպրոց չի ունենա։ Կօգտվեն հարևանությամբ գտնվող Աստղաշեն գյուղի դպրոցից և մանկապարտեզից։ Գյուղում նաև ջերմոց կկառուցվի, որը, ամենայն հավանականությամբ, կոոպերատիվի ձևով կծառայի գյուղացիներին։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ.–ին։