Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թվերը ցույց են տալիս, որ կալանքները նվազել են, պետք է կենտրոնանալ բովանդակության վրա. փորձագետ

ԵԽ համաձայն՝ Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է, ինչը շատ բարձր թիվ է, բայց գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների համաձայն՝ խափանման միջոց կալանքը կիրառվում է 14.5 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այդտեղ հակասություն չկա, պարզապես հաշվարկի մեթոդաբանությունն է տարբեր։ 

Փորձագետի գնահատմամբ՝ պետք է կենտրոնանալ ոչ թե կալանքի կիրառման քանակի վրա, այլ թե՝ ինչն է պատճառը, որ որոշ գործերով, երբ ակնհայտորեն կալանքը սպառել է իր նպատակները՝ անձը շարունակում է պահվել կալանքի տակ։ Բացի այդ՝ կալանքը հրատապ միջոց է և եթե անձը 3-4 ամիս եղել է ազատության մեջ, ապա այդ ինչ հրատապ դեպք է տեղի ունեցել, որ կալանավորվել է, հետևաբար, պետք է քաղաքական խնդիրը տեսնել։

Ղազարյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ, երբ անձն ազատության մեջ է և կալանքը վերականգնվում է, երբ որևէ նորություն չկա գործում, այսինքն՝ արտաքին ազդակ է, իսկ արտաքին ազդակը միջազգայնորեն ընդունված գործոն է՝ գնահատելու համար, որ դատարաններն անկախ չեն։

«Որոշ դեպքերում, հատկապես, քաղաքական կոնտեքստ ունեցող դեպքերում կալանքը երկարաձգվում է, երբ օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը վերացել է»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ կալանավորման թվերն իրականում նվազել են։