Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-ից սկսած՝ կառավարությունը 300 մլն դոլարի հատկացումներ է արել ՏԻՄ-երին՝ հաշվի չառնելով, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավարը. վարչապետ

«Բարեբախտաբար, ժողովրդավարության առումով ՀՀ-ում շատ լուրջ առաջընթաց կա, և շատ կարևոր է, որ այդ առաջընթացը ոչ թե կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունն է արձանագրում, այլ միջազգային հանրությունը»,- այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունվեց ՀՀ-ԵԽ պատմության մեջ նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդական բարեփոխումների շատ էական առաջընթացը:

Այդ համատեքստում վարչապետն ընդգծեց, որ ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ. «Ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր, ինչը քաղաքական տրամաբանության, ժողովրդավարության հետ այնքան էլ ուղիղ կապ չունի, բայց սա կուլտուրայի հարց է»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականից սկսած՝ կառավարությունն արդեն 300 մլն դոլարի չափով հատկացումներ է արել ՏԻՄ-երին. «Ընդ որում, կառավարությունը չի առաջնորդվել նրանով, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավարը:

Սա ստուգելի փաստ է: Բայց համայնքների ներկայացուցիչները փորձ են անում սուբվենցիաների շրջանակներում իրականացվող ծրագրերը ներկայացնել այնպես, թե դրանք իրականացվում են ի հեճուկս կառավարության. իբր կառավարությունը դիմադրում է, իրենք էլ հաղթահարելով այդ դիմադրությունը՝ ենթակառուցվածքային, տրանսպորտային բարեփոխումներ են անում: Եվ ես կարծում եմ, որ մեր ցուցաբերած համեստությունն այլևս տեղին չէ. ծրագրեր ունենք, որտեղ կառավարության ֆինանսավորման բաժինը հասնում է 70 տոկոսի»:

Նրա խոսքով՝ եթե մինչ այս համայնքի ղեկավարները դեմքով ուղղված էին դեպի կառավարություն, ապա իրենք ստեղծել են այնպիսի համակարգ, որ համայնքի ղեկավարները դեմքով ուղղված լինեն դեպի իրենց ընտրողները:

Մանրամասն՝ տեսանյութում: