Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-2021թթ. ընթացքում համայնքներում ապահովվել է ավելի քան 200 մլն դոլարի ներդրում. վարչապետ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ կարիք է առաջացել 9 մարզպետարանների ՀՀ պետբյուջեից հատկացնել 532 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: 

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման գործիք. «2018-2022թթ. ընթացքում բոլոր մարզերում իրականացվել է 1193 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր գումարը՝ ավելի քան 147 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի էր ունեցել»:

Վարչապետը նշեց, որ 2021 թվականի արդյունքներով կարելի է ասել, որ ՀՀ-ում չի կարող լինել որևէ համայնք, որտեղ շատ շոշափելի, տեսանելի, էական ներդրում չի կատարվել. «Այսօր կառուցվում, վերակառուցվում են ճանապարհներ, փողոցներ, որոնց նորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել 30-40 տարի: Վերանորոգվում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք տասնամյակներով չեն նորոգվել, փողոցներ են լուսավորվում, որոնք 30-40 տարի ընդհանրապես լույս չեն ունեցել»:

«Իմ դիրքորոշումն այն է, որ կառավարությունը բովանդակություն ունեցող սուբվենցիոն ծրագրերը ընդհանրապես չպետք է մերժի, և մենք այս ճանապարհով շարունակելու ենք գնալ առաջ, որպեսզի տարածքային համաչափ զարգացումը իրականություն դառնա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ գործնականում 2018-2021թթ. ընթացքում համայնքներում ապահովվել է ավելի քան 200 մլն դոլարի ներդրում: