Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումով մինչև 2026 թ. 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը. Նարեկ Մկրտչյանը՝ նախագահին

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումով մինչև 2026 թ. 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը. Նարեկ Մկրտչյանը՝ նախագահին
Հասարակություն
15:12, 26 апрель 2024
Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին:

Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ 2023 թ. փետրվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ներդրվել է նոր համակարգ, որը հնարավորություն է ստեղծել իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

Համակարգի ներդրմամբ կարճ ժամանակում ապահովվել են անհրաժեշտ թվային լուծումներ, որոնք ֆունկցիոնալության գնահատման ճանապարհին մի շարք այլ երկրների համար կարող է լավագույն օրինակ ծառայել։

2023-ին անձի ֆունկցիոնալության գնահատում է իրականացվել 11.930 անձի նկատմամբ։

Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին՝ նախարարը Հանրապետության նախագահին հայտնել է, որ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն առավել հասցեական։ Նախատեսված է նոր համակարգը ներդնել փուլային տարբերակով՝ 2024 թվականից․ այն հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ինչի ճանապարհին պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչն էլ ընտանիքներին հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք, կայուն զբաղվածություն և բարելավել կենսապայմանները։

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ համաձայն համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքների նպատակ է դրված՝

• մինչև 2026 թ. 20%-ով կրճատել նպաստառու ընտանիքների քանակը.
• 25 տոկոսային կետով բարձրացնել հասցեականությունը (նպաստների 75-80%-ը կուղղվի բնակչության ամենաաղքատ 20%-ին).
• վերացնել ծայրահեղ աղքատությունը.
• մեղմել աղքատության աստիճանը.
• ստեղծել հնարավորություն՝ թվայնացված գործիքակազմով ընդունել ավտոմատացված որոշում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը լիազորությունների սահմաններում աջակցել ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախատեսվող ծրագրերի կյանքի կոչման գործում: