Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-2020 թվականներին սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 47,5 միլիարդ դրամ գումար․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպաստասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ 2018 թվականից ի վեր, բավականին շատ թվով սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել ՀՀ մի շարք համայնքներում, կարելի է ասել, որ այդ սուբվենցիոն ծրագրերի թիվը հիրավի աննախադեպ է, որովհետև նախկինում դրա նույնիսկ 5 կամ 10  տոկոսը չի իրականացվել տարեկան սկզբունքով, սակայն հիմա, այս ՏԻՄ ընտրությունների բերումով գործ ունեն մի բանի հետ, որ տարիներ շարունակ պաշտոնավարած և հաճախ նաև նախկին իշխանությունների հետ սինխրոն գծի մեջ գտնվող որոշ համայնքապետեր, փորձում են կառավարության նման աննախադեպ սուբվենցիոն ֆինանսավորումը վերածել սեփական քաղաքական դիվիդենտների, սեփական քաղաքական կրեդիտների։

«Եվ ես պիտի խնդրեմ, որպեսզի Կառավարությունը ԱԺ-ի ամբիոնից հնարավորինս լուսաբանի այս հարցը՝ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք գուցեև չակերտավոր ասած, զոհը դառնան որոշ համայնքապետերի քաղաքական դիվիդենտ հավաքելու անկուշտ մոլուցքի»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նրան արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իրոք ՀՀ-ում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել։

«2019 թվականից մինչև օրս, ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և չեք գտնի միջինից բարձր կամ խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում։ Այդ ծրագրերով կառուցվում են, հիմնանորոգվում են փողոցներ, որ 30-40 տարի չեն հիմնանորոգվել, նորոգվում են տանիքներ, որ 25-30 տարի չեն նորոգվել, վերակառուցվում են մանկապարտեզներ, որ 25-30 տարի չեն նորոգվել։ Եվ պիտի ասեմ, որ այո՛, սա եղել է կառավարության առաջ դրած հարցը, և պահանջը, և պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք  ՀՀ-ի բոլոր համայնքներում։ Եվ ուզում եմ ասել, որ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 47,5 միլիարդ դրամ ընդհանուր գումար»,-ասաց վարչապետը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։