Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, որովհետև պետք է վեր կանգնել ամեն ինչից. ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյան

Այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում որպես թեկնածու ԱԺ 65 պատգամավորների կողմից առաջադրվել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:

Թեկնածուն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց. «Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու... քաղաքական կուսակցության ներսում արժանի ավելի մարդիկ կան, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, որովհետև պետք է վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունը»:

Նա շնորհակալություն հայտնեց և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և պատգամավորներին. «Համոզված եղեք՝ այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, կտա ծրագրերի կայացման մեծ հնարավորություն, որի մասին մենք բոլորս ամեն օր խոսում ենք»:

Վահագն Խաչատուրյանը կառավարությունում աշխատանքը համարում է մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն. «Կշարունակեմ աշխատել ավելի մեծ եռանդով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ոչ միայն հանրապետության նախագահը, այլև կառավարությունն ու խորհրդարանը նույնպես առաջնորդվում են վերկուսակցական, ազգային շահերով. «Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը, և կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն»:

Վարչապետը նշեց, որ մինչև հանրապետության նախագահի ընտրությունը Վահագն Խաչատուրյանը կատարելու է նախարարի պարտականությունները:

Մանրամասն՝ տեսանյութում: