Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է մնում

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է մնում
Քաղաքականություն
12:33, 21 декабрь 2021
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի հաստիքը հերթական անգամ մնաց թափուր։ Ընդդիմությունը չէր ներկայացել նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, և դրա իրավասությունն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, սակայն իրենք ևս խուսափել են թեկնածու առաջադրելուց, որպեսզի զերծ մնան շահարկումներից, և նաև դա բարի կամքի դրսևորում է մեծամասնության կողմից։ Քոչարյանը նշեց նաև, որ իրենք առաջարկել են «Հայաստան» խմբակցությանը համատեղ քննարկել հարցը և կոնսենսուսով թեկնածու առաջադրել՝ ընդդիմությունից, սական ընդդիմությունը չի արձագանքել առաջարկին, բայց իշխանական մեծամասնությունը ևս մեկ հնարավորություն է տալիս ընդդիմությանը, սակայն եթե հաջորդ նիստին ևս ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, ապա դա կանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Օրակարգում այլ հարցեր չկային, և նիստը այդքանով ավարտվեց։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը բազմիցս առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն իշխանությունը չի ընտրել վերջինիս։ Նախորդ նիստին ընդդիմությունը այլևս թեկնածու չէր առաջադրել, իսկ իշխանությունն էլ հայտարարել էր, որ եթե ընդդիմությունը թեկնածու չի առաջադրում, դրա իրավունքն անցնում է իշխանությանը։
 
Արծվիկ Մինասյանն էլ մեկնաբանել էր, որ ընդդիմությունը պարտավոր չէ ամեն անգամ թեկնածու առաջադրել։ «Կանոնակարգը չի նախատեսում, որ ընդդիմությունն ամեն անգամ պետք է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրի։ Եթե մեկ անգամ առաջադրել են թեկնածու, ապա այն պահպանվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել էր Մինասյանը։