Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2017-ից ես համարում եմ ինձ անկուսակցական»․ նախագահի ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ ՀԱԿ-ական լինելու մասին․ տեսանյութ

«Քանի որ այս պահին չկա ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի այսօր որևէ մեկնաբանություն անել, որովհետև մարդը դեռևս հնարավորություն ունի և կարող է դիմումը հետ վերցնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով իրեն որպես նախագահի թեկնածու առաջադրելու ՔՊ կուսակցության որոշմանն ու ՀՀ նախագահին տրված սահմանափակ լիազորություններին:   

«Իմ անունը որպես ՀՀ նախագահի թեկնածու պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր չափանիշները, որոնք պահանջվում են՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նախարար: Այս պայմաններում կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում և առաջադրվել՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա ՀՀ կառավարության և քաղաքական թիմի անդամ եմ»,- հավելեց Վահագն Խաչատուրյանը: 

Խոսելով ՀԱԿ-ին անդամակցելուց՝ ԲՏԱ նախարարը հիշատակեց, որ 2017թ.-ից դադարեցրել է կուսակցության անդամ լինելը. «Ես համարում եմ ինձ անկուսակցական, ես ինքս իմ մեջ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որը ճշտվում է»:

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ նախարարի պաշտոնում իրեն լավ է զգում, որովհետև տեսնում է հեռանկարներ ԲՏԱ ոլորտում. «Շուտով վեց ամիսը կլրանա, որ ես ԲՏԱ նախարար եմ: Արմեն Սարգսյանի հրաժարականից առաջ իմ մտքով չի անցել, որ կարելի է դառնալ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին մտածող մարդ»: 

Մանրամասները՝ տեսանյութում: