Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այգում բիզնես նպատակներ հետապնդող անձանց առաջարկները զուգորդվում են կենդանիների թունավորումներով. Մարությանը կառավարման ընթացքում 1 օր չկարողացավ հատկացնել՝ հասկանալու համար խնդիրները. նախկին տնօրեն

Այգում բիզնես նպատակներ հետապնդող անձանց առաջարկները զուգորդվում են կենդանիների թունավորումներով. Մարությանը կառավարման ընթացքում 1 օր չկարողացավ հատկացնել՝ հասկանալու համար խնդիրները. նախկին տնօրեն
Հայաստան
14:02, 06 февраль 2022
Civic.am-ի զրուցակիցն է Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» (FPWC) հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը։

- Պարոն Խաչատրյան, վերջին օրերին Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկումը մեծ աղմուկ է բարձրացրել։ Կան տեսակետներ, որ կենդանիների անկումը պայմանավորված է եղանակային պայմաններով, վատ և սխալ սննդակարգով, ինչպես նաև դիտավորյալ թունավորումով: Արդյոք Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետները, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է լինել իրական պատճառը։ 
      

- Ցավով պետք է նշեմ, որ թե՛ հետաքննող լրագրողները և թե՛ կառույցի հետ առնչություն ունեցող պետական մարմինները հետխորհրդային շրջաններից ի վեր այդպես էլ չկարողացան իրենց համար պարզել և զանազանել, թե որտե՞ղ են թաքնված կենդանաբանական այգու իրական խնդիրները և պարբերաբար շրջանառվող լուրերի տակ իրականում ի՞նչ շահ է թաքնված։
Իսկ խնդիրները բազմաշերտ են ու հին։ Այգու խնդիրները նորարար և համակարգային լուծումների և փոփոխությունների կարիք ունեն։ Իմ աշխատանքի ավելի քան ութ տարիների ընթացքում բոլորի աչքի առաջ այգին, կարելի է ասել, հիմնովին վերանորոգվեց և կառուցվեց, այն, ինչ չէր արվել սովետական տարիներից ի վեր։ Այգին համալրվեց նաև նոր կենդանատեսակներով, միջոցառումներով և շատ կարևոր կրթական նախագծերով։

Վերջապես այգին դարձավ քաղաքի և երկրի համար ցանկալի այցեքարտ, ուր 2010թ.-ի համեմատությամբ արդեն 2016-2017 թթ.-ին այցելուների քանակը 30.000-ից դարձավ ավելի քան 300.000: Սակայն, ինչպես մեր իմաստուններն են ասել, ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում։ Մասնավորապես, այգու կառուցումից հետո հանկարծ հայտնվեցին հայտնի և անհայտ շրջանակներ, ովքեր մեծ ախորժակ և նպատակներ սկսեցին հետապնդել այգու շուրջ։ Մարդիկ էին և են, ովքեր տարբեր բիզնես նպատակներ ունեն։ Որոշներն այգում զանազան բիզնեսներ ունենալու, երկարատև հաստատվելու, իսկ որոշներն էլ էլ ավելի հեռահար նպատակներ ունեն, ովքեր պարբերաբար այցելել և այցելում են քաղաքապետարան և, իրենց իսկ կողմից կազմակերպված դեմոնստրացիաներին զուգահեռ, բացահայտ առաջարկում են մի քանի միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել այգում, եթե քաղաքապետարանը համաձայնի հանձնել այգին իրենց՝ երկարատև կառավարման պայմանով։ Իհարկե, այս ամենը, ցավոք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա զուգորդվում է ամենասարսափելի և շանտաժի գործիք հանդիսացող դաժան հանցագործություններով՝ կենդանիների թունավորումներով և սպանդով, ներսի աշխատակիցների հրահրած դավաճանություններով և կեղծ վկայություններով, այս ջրաղացին ջուր է լցնում նաև ուղղորդված և միակողմանի «լուսաբանող լրատվական» դաշտը։ Համապատասխան մարմիններին բազմիցս տեղեկացրել եմ, թե կոնկրետ ովքեր են այս մարդիկ և ինչ նպատակներ են հետապնդում, հարկ եղած դեպքում կհրապարակվեն նաև մարդկանց անուններ, ովքեր, ցավոք, մինչ վերջերս տարբեր պաշտոններ են զբաղեցրել և դեռ զբաղեցնում են։ 

Այո՛, մենք գործ ունենք համակարգված մաֆիայի հետ, որի շրջանակում տարբեր պետական կառույցների հարթություններում աշխատող չակերտավոր մասնագետներ են, այդ թվում նաև՝ թե՛ բարձր պաշտոնյաներ և թե՛ Սփյուռքի գործարարներ։ Սա հիմնական լոկոմոտիվն է այս խառնաշփոթի, որը օգտագործում է նաև մեր հասարակության որոշ շրջանակների թյուրընկալումը և տարաձայնությունները, կենդանական աշխարհի մասին նախնադարյան և սպառողի հոգեբանությամբ պայմանավորված պատկերացումները։ Այս պատկերացումներով պայմանավորված է, որ այսօր ունենք բազմաթիվ թշվառ «գազանանոցներ», այո՛, դրանց կենդանաբանական այգիներ անվանել չի կարելի, կամ ռեստորաններում ցուցադրվող զանազան վայրի կենդանիներ։ Ցավոք սրտի, շատ երևույթներ վերագրում ենք օրենքի բացին, բայց դրանք իրականում մեր սոցիումում առկա անորոշ և չհասցեագրված խնդիրների արդյունքում բացթողումներն են, ինչպիսիք են խեղաթյուրված և լոզունգներում մնացած կենդանասիրությունը կամ վերջիններիս նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը։ Այս կոնտեքստում ակնհայտ փաստ է, որ իրար են բախվել երկու շատ տարբեր, կենդանիների և կենդանաբանական այգիների մասին իրարամերժ տեսլականներ ունեցող մարդկանց խմբեր։ Մարդիկ, որոնց համար ընկալելի է, որ կենդանիները երեխաներին զվարճացնելու համար են կենդանաբանական այգում ցուցադրվում, օրինակ՝ ինչու չէ՞, շղթայով կապիկներ և առյուծի ձագեր, որոնց հետ կարելի է նկարվել, կրիաներ, որոնց կարելի է հեծնել, կամ, օրինակ, օձեր, որոնց կարելի է օգտագործել տարբեր շոուներում, և ընդհանրապես իրենց համոզմամբ՝ կենդանաբանական այգին պետք է զբաղվի կենդանիների առևտրով, քանի որ դա եկամուտ կբերի այգուն, ավելին՝ պետք է խրախուսել հանրությանը, որ տներում բուծեն և զբաղվեն վայրի կենդանիների վաճառքով. դրան են հետևում նաև կենդանիների անկանոն և սխալ գենետիկ տեսանկյունից բազմացումները։ Քաղաքակիրթ երկրներում նրանց ուղղակի կանվանեին հները. հների շարքում իհարկե շատ է կենդանաբանական այգում տարբեր տարիների աշխատողների թիվը։ Ցավոք, ոչ շատ մասնագիտացած և սակավ, բայց կարծրացած գիտելիքներով այս վերջինները միշտ միտում ունեն վերադառնալու կենդանաբանական այգի «փրկիչների» կարգավիճակով, ովքեր, սակայն, միայն ինտրիգներ են հրահրում և փորձում են կայանալ՝ անհեթեթ և անհիմն մեղադրանքներ հնչեցնելով նախկին տնօրենի հասցեին, ով իրենց շահերի և մտածողության կրողը չի և բացահայտ ասել է այդ մասին։ Ի՞նչն է, սակայն, առիթ տալիս, որ այս ամենը տասնամյակներ շարունակ և պարբերաբար գլուխ բարձրացնի ու շարունակվի։

Կարծում եմ՝ առաջին հերթին կառավարումը, որը ստանձնել է քաղաքապետարանը, որտեղ մինչ վերջերս ԵԿԱ-ն համարվում էր մշակութային օբյեկտ, իսկ թատրոնների դեկորացիաների և երաժշտական գործիքների շարքում գույք էին համարվում նաև կենդանիները՝ ի պահ տրված կենդանաբանական այգուն, որոնց հետ կապված յուրաքանչյուր գործառույթի կատարման համար պետք է որոշում կայացներ ավագանին, օրինակ՝ թե որ կենդանին պետք է փոխանակել որ կենդանու հետ՝ իրենց անհասկանալի տրամաբանությամբ, արժեքներով, որոնք, ի դեպ, նկատելի էր, որ կարծես կարգավորվում էին սև շուկայով, ասել է թե՝ ապօրինի գործարքների նախադեպերի տրամաբանությամբ։ Իհարկե, դժվար էր փոփոխությունը, որի արդյունքում կենդանիները կհամարվեին բացարձակ արժեք, իսկ այգին պետք է առաջնորդվեր եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիաների կանոնակարգերով, այն է՝ միայն փոխանակել կամ նվիրել կենդանիներին կառույցի ներսում գտնվող այգիների միջև, կենդանիներին բազմացնել բացառապես գիտական հենքով և հիմնավորմամբ։  

Իմ աշխատած տարիներին իմ հիմնադրած FPWC հիմնադրամի և իր գործընկերների ջանքերով՝ իմ տեսլականին հավատալու արդյունքում ավելի քան 300 միլիոն դրամ է նվիրաբերվել ԵԿԱ-ին՝ այգու կարիքների և կառուցապատումների համար, պարբերաբար մասնագիտական դասընթացներ և գործնական կենդանաբուժական միջամտություններ են կազմակերպվել ոլորտի առաջատար միջազգային ճանաչում ունեցող մասնագետների կողմից։ Այս ամենը հավաստող փաստերով և տեսանկարահանումներով պարբերաբար մատուցվել է նաև հանրությանը և Երևանի նախկին քաղաքապետ Մարությանի կողմից ղեկավարված քաղաքապետարանին, ով իր կառավարման մեկ տարվա ընթացքում մեկ օր չկարողացավ կամ չցանկացավ հատկացնել՝ հասկանալու համար այգու շուրջ տիրող խնդիրները և հնարավոր լուծումները։ Ցավով պետք է նշեմ, որ թե՛ իմ և թե՛ միջազգային ավելի քան 10 հեղինակավոր կառույցների հորդորները և խորհուրդները պարոն նախկին քաղաքապետը հաշվի չառավ, և այսօր շարունակվող խնդիրների մի զգալի մասը հենց իր կառավարման անարդյունավետության մասին է խոսում։ 

- Ձեր պաշտոնավարման տարիներին եղե՞լ են արդյոք նման դեպքեր՝ նման հաճախականությամբ , եթե այո, ապա ո՞րն է եղել այդ ժամանակ կենդանիների անկման պատճառը։
 
- Այսօրվա պես հիշում եմ զեբրի թունավորումը, դա անմիջապես ՀՀ-ում ԱՊՀ երկրների կենդանաբանական այգիների առաջին կազմակերպված գագաթնաժողովի անցկացման ավարտին հաջորդող օրերին էր, թերևս հաշվարկը լավ չէր արված, մեկ օր ուշացել էին և, իհարկե չիմանալով, հաշվի չէին առել զեբրի շատ բարձր իմունային համակարգը։ Ի դեպ, թունավորումները զեբրով չավարտվեցին ցավոք, դրան հաջորդեցին մի շարք այլ կենդանիներ, ինչպես նաև բացահայտ կերպով կազմակերպված ընտանի և թափառող շների, վարժեցրած գամփռների հարձակումը վալաբիների՝ «կենգուրուների» և մուֆլոնների ազատավանդակ: Այս ամենը բացահայտվեց իմ թիմի մասնագիտական և միջազգային գործընկերների հետ խորհրդատվության, կարծիքների և փաստերի արդյունքում, որի հիմքում նաև լաբորատորիայի հետազոտությամբ պարզված մեծ քանակությամբ մկնդեղն էր։ Սրանք երևույթներ են, որոնք երբեք չեն մոռացվելու, և ի վերջո մեղավորները դատաստանի առջև են կանգնելու։ Կենդանիներին սպանելու եղանակով հաշվեհարդար էին տեսնում վերը նշած մարդկանց կողմից կազմակերպված խմբերը՝ կենդանիների թրաֆիքինգ կազմակերպելու իրենց առաջարկները մերժելու բազում փորձերից հետո։ Իսկ ինչ վերաբերում է բնական անկումներին՝ նորմալ է, եթե կենդանին հիվանդացավ, ծեր եղավ, թույլ իմունիտետով, անկում կգրանցվի, բայց դա կլինի նորմայի սահմաններում, ցանկացած կենդանի օրգանիզմ ինչ-որ մի օր ավարտում է կյանքը։ 

- Ինչպե՞ս եք տեսնում կենդանիների համար առողջ ապրելակերպ ապահովելու հարցը, ի՞նչ քայլեր են պետք ձեռնարկել։ 

- Կենդանաբանական այգու կայուն ապագայի իմ տեսլականը ուղարկել եմ Կառավարություն դեռևս պատերազմի ավարտին, որը շրջանառվել է տարբեր գերատեսչություններով, ստացել դրական եզրակացություն, գիտեմ միայն, որ Հայկ Մարությանի կողմից բացասական կարծիք է ուղղվել Կառավարություն, որում մասնավորապես գրված էր, որ նպատակահարմար չի համարում՝ առանց մեկնաբանելու կարծիքի հիմքերը, եթե դրանք առկա են իհարկե։ Գիտեմ միայն, որ կենդանաբանական այգու շուրջ այդպես էլ չի կառուցվել իր կողմից խոստացված՝ այգու համար կենսական դեր ունեցող պարիսպը, այգին այդպես էլ վերջին 4 տարիների ընթացքում չկարողացավ դառնալ EAZA-ի լիիրավ անդամ, ընդհակառակը, դուրս մնաց մի շարք կարևոր ծրագրերից, իմ հրաժարականից հետո և մինչ օրս այգում այդպես էլ չեն կառուցվել նոր ազատավանդակներ, և, ցավոք, շարունակվում են կենդանիների թունավորումները։ 

- Ինչո՞ւ թողեցիք Ձեր պաշտոնը, արդյոք իրակա՞ն են լուրերը, թե Ձեզ հեռացրին պաշտոնավարումից։ 

- Ես դադարեցրի պաշտոնավարումն իմ նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ ԵԿԱ կառավարման խորհրդի նախագահությունը ստանձնելու առաջարկ ունենալով։ Սակայն ինձ համար կարևոր էր այդ պահին կենդանիների բարեկեցությունը, այդժամ հակված էինք մտածելու, որ իմ տնօրինության դադարեցմամբ կդադարեն ցույցերը, անկախ նրանից՝ այգում  կշարունակվե՞ն կենդանիների անկումները, թե՞ ոչ, կամ ի՞նչ տեսլականով կառավարման կանցնի այգին։  

Եվ այդպես էլ եղավ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է իմ կատարած գործի արժեքի և իմ հայեցակարգի, զարգացման ուղու և կատարած աշխատանքի արդարացիությունը։ Կարելի է վերլուծել, թե քանի կենդանի անկեց իմ պաշտոնավարման ավարտից հետո, չթվեմ՝ շատ, և քանի՞ ցույց իրականացվեց՝ ոչ մի։ Ենթադրությունները թողնում եմ Ձեզ։ 

- Իսկ ակտուա՞լ է դեռ առաջարկը, որ Դուք դառնաք ԵԿԱ կառավարման խորհրդի նախագահ, և հիմա կընդունե՞ք այն արդյոք։ 

- Իրականում շատ խորը մտածելու ենթակա հարց եք ներկայացնում, փակագծեր չբացելով միայն ասեմ, որ կընդունեմ ԵԿԱ կառավարման խորհուրդը նախագահելու առաջարկ որոշակի քայլերի և պայմանների առկայության ու ապահովման դեպքում միայն։

- Ինչպե՞ս եք գնահատում՝ Երևանի կենդանաբանական այգին համալրվա՞ծ է արդյոք բավարար գիտելիքներ ունեցող աշխատակիցներով։  

- Տնօրենի գործող պաշտոնակատարը երկար տարիներ աշխատել է իմ հրավերով, թե՛ ԵԿԱ-ում և թե՛ իմ հիմնադրած հիմնադրամում տարբեր բնապահպանական, այդ թվում նաև՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի նախագծի համակարգողն է եղել, ոլորտից ավելի քաջատեղյակ մարդ, վստահեցնում եմ, չկա նույնիսկ Մարությանի կողմից ընտրված կառավարման խորհրդի կազմում, ինչպես ընդունված է ասել ժողովրդական լեզվով՝ իմ աջ ձեռքն է, ում վստահում եմ և լիարժեք սատարում։ 
 
Նարա Մարտիրոսյան