Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սև և գունավոր մետաղների արտաքին առևտուրը կարգավորող օրենքի նախագիծ է մշակվել. Օրենքն ընդունվելու դեպքում պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում

Սև և գունավոր մետաղների արտաքին առևտուրը կարգավորող օրենքի նախագիծ է մշակվել. Օրենքն ընդունվելու դեպքում պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում
Հայաստան
12:11, 18 март 2022
Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում ներկայումս կազմում է 9,5-10 հազ. ԱՄՆ դոլար)։  

Գնային ցուցանիշները բարենպաստ նախադրյալներ են ստեղծում հանքարդյունաբերության ոլորտի գործունեության համար, և անհրաժեշտություն է առաջանում պետական սեփականություն հանդիսացող ընդերքից գեներացվող շահույթն արդարացի բաշխելու և ընդերքի շահագործումից պետական բյուջեի մուտքերը համալրելու համար, ուստի  առաջարկվում է 2021 թվականին սահմանված՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու գործունեությունը լիցենզավորվող սահմանված  ցանկը համալրել նաև ԱՏԳ ԱԱ 2616 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների հանքաքարերի և խտահանքերի պղնձի պարունակության, 7403290000 ծածկագրին դասվող պղնձի համաձուլվածքների և 760120 ծածկագրին դասվող ալյումինե համաձուլվածքների արտահանման գործընթացը նույնպես սահմանել լիցենզավորվող։  Այս մասին տեղեկանում ենք  էկոնոմիկայի նախարարության կողմից  հանրային քննարկման  ներկայացված օրենքի նախագծից, որով առաջարկվում է  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ կանոնակարգելով ՀՀ  համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների) արտաքին առևտուրը։  Միևնույն ժամանակ հաշվի առնելով Հայաստանում սև մետաղի արդյունահանվող պաշարների բացակայությունը և կարևորելով սև մետաղի ջարդոնն ու թափոնը տեղում վերամշակելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանք արտադրելու նպատակահարմարությունը՝ նախագծով առաջարկվում է որպես լիցենզավորվող գործունեություն սահմանել 7206 ծածկագրին դասվող երկաթի և չլեգիրված պողպատի՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով, 7207 ծածկագրին դասվող երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների արտահանման գործունեությունը։ Նշված առաջարկը, ինչպես կանխատեսել են նախագծի հեղինակները,  հավասար մրցակցային պայմաններ կստեղծի սև մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման և տեղում վերամշակման համար։

Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 2616, 7403290000, 7601, 7603  ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար սահմանել պետական տուրք նշված ապրանքների միջին միջազգային գնի մոտ 10%-ի չափով։

Միևնույն ժամանակ առաջարկվող իրավական կարգավորումները  համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին՝ առաջարկվում է վերապահում սահմանել վերը նշված ապրանքների արտահանման մասով, այն է՝ սահմանել, որ նշված սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող վերը նշված ապրանքներին։

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել  նաև ընդերքի պաշտպանությունը, ինչը ամրագրված է «Առևտրի ու ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի Հավելված 7-ի 38-րդ կետի 6-րդ ենթակետով՝ կապված անդամ պետությունների տարածքներից ծագող ապրանքների արտահանումը սահմանափակելու հետ՝ ներքին մշակող արդյունաբերությունն այդ նյութերի բավարար քանակով ապահովելու նպատակով այն ժամանակահատվածներում, երբ կառավարության կողմից իրականացվող կայունացման նախագծի արդյունքում նման ապրանքների ներքին գինն ավելի ցածր է, քան համաշխարհային գինը։

«Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո, ինչպես տեղեկանում ենք կից ներկայացված հիմնավորումից,  անհրաժեշտություն կառաջանա մշակել և հաստատել ՀՀ  կառավարության որոշման նախագիծ՝ նշված ապրանքների արտահանման համար լիցենզիաների տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն օրենքի ընդունման և այն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Նախագծի մասին առավել մանրամասն՝ e-draft.am հղումով։