Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստա՞հ եք, որ պղնձի խտանյութի արտահանման ծավալները չեն նվազի և չեն ազդի հարկային եկամուտների աճի վրա. Թունյանը՝ նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

«Պղնձի խտանյութի արդյունահանման բնեղեն ծավալներով զգալի՝ 20-25 տոկոսի անկում է գրանցվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Դուք ձեր ելույթում նշեցիք, որ հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է նաև պղնձի արտահանման խտանյութի այս տուրքով, արդյոք մենք վստահություն ունե՞նք, որ հաջորդ տարվա ընթացքում պղնձի խտանյութի արտահանման ծավալները չեն նվազի, և այդ առումով հարկային մուտքերի ակնկալվող աճը չենք ունենա»,- ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Պատասխանելով հարցին՝ նախարարը նշեց, որ պղնձի գները այն գործոններից է, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա և արտահանումից վճարվող պետական տուրքի վրա. «Մենք չենք սպասում, որ գները կիջնեն այդ չափով, սակայն եթե գները նվազեն այնքան, որ մենք ստիպված լինենք արտահանման պետական տուրքերը նվազեցնել, դա կազդի եկամուտների վրա: Բայց եթե միջազգային գներն այդ չափով չնվազեն, և մեր սահմանած պետական տուրքերը մնան ուժի մեջ, ապա մենք քանակային առումով շատ կոնսերվատիվ կանխատեսումների հիմքով ենք դրել գումարը»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մեծ ռիսկեր չկան, քանի որ քանակային առումով շատ պահպանողական են եղել և վստահ են, որ այդքան կարտահանվի: