Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պղնձի եւ մոլիբդենի արտահանման վրա լիցենզիոն տուրք կսահմանվի․ ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Պղնձի եւ մոլիբդենի արտահանման վրա լիցենզիոն տուրք կսահմանվի․ ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Քաղաքականություն
18:24, 15 июль 2021
Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 71 կողմ, 0 դեմ ձայներով։

Նախագծի մասին խոսելով, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Օրենքի նախագծով առաջարկվում է արձագանքելով միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ աճին՝ արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի եւ հարակից այլ ապրանքների համար»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը, նշեց․ «Առաջին ընթերցման ժամանակ ես իմ խոսքում նշեցի, որ այս նախագիծը մեզ հնարավորություն է տալու այսպիսի գների պայմաններում հավաքագրել տարեկան մինչեւ 75 միլիարդ դրամ գումար, կարծում եմ՝ սա որոշակի արդարության վերականգնում է, ընդերքը ժողովրդինն է եւ պետք է որոշակի համաչափություն լինի բիզնեսի եւ հասարակության, պետության միջեւ։ Այս նախագիծը այդ արդարության, համերաշխության եւ հավասարության վերակագնմանն է միտված»։

Պապոյանն ասաց, որ  զուգահեռ զարգացվել եւ քննարկվել է տարբեր գաղափարներ, թե այդ գումարները  ինչ եղանակով են ծախսվելու․ «Դրանք կլինեն սուվերեն ֆոնդերի տեսքով, թե կլինեն ուղղակի անմիջապես որոշակի սոցիալական, կրթական, պաշտպանական եւ այլ ուղղություններին հատկացնելով՝ սա արդեն այլ հարց է, բայց հիմնական հարցը հենց սա է, որ հասարակության մեջ եղած այդ հարցը՝ ընդերքը եթե պատկանում է ժողովդրին, ինչպես մեր անկախության հռչակագրում է նշված՝ դա ի՞նչ եղանակով է արտացոլվում։ Կարծում եմ՝ այս նախագիծը դրան է միտված։ Սա այնուամենայնիվ մեծ հարկային բեռ չէ, որովհետեւ հանքաարդյունաբերության վրա հարկերը ՀՀ-ում մոտ 14%-ի սահմանում է, ինչը աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ։ Կարծում ենք՝ գործարարների եւ բիզնեսների զարգացման համար նույնպես էական խոչընդոտներ չպետք է առաջանան, հատկապես, որ արդի իրողություններն այնպիսին են, որ պղնձի գները ոչ միայն բարձր են, այլ ունեն միտում էլ ավելի բարձրանալու»։