Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եկեք 30, 50 տոկոս հարկենք, բայց դա լինի շահույթից». Մանվել Եղիազարյանը՝ պղնձի խտանյութի, մոլիբդենի արտահանման համար 15% պետական տուրք սահմանելու մասին

 Կառավարությունն երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսում է 15%-ի չափով պետական տուրք սահմանել պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի արտահանման համար: «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» անդամ Մանվել Եղիազարյանն այօսր՝ «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, նշեց, որ իրենց  համար անակնկալ էր, այս նախագծի հապշտապ ընդունումը:

«Մեր տեսանկյունն այն է,  որ հասկանում ենք՝ կա անհրաժեշտություն բյուջեն համալրելու և սա բյուջեն համալրելու աղբյուր է, բայց չհասկացանք՝ ինչո՞ւ ուղիղ 15 տոկոս, ինչո՞ւ հենց իրացումից: Չէ՞ որ սա դառնում է ուղղակի հարկման սիստեմ», - նշեց նա:

Եղիազարյանը բարձրացրեց այն հարցը, որ անկախ ընկերության ֆինանսական ցուցանիշներից, արտահանման ժամանակ 15 տոկոս պետք է վճարել բյուջե: Իսկ ճյուղն արդյոք ունի՞ 15 տոկոս շահութաբերություն: Ըստ նրա, բոլոր դեպքերում, եթե պետք է գնալ հարկային բեռի ավելացման, ցանկալի է դա վերցնել եկամտից, ոչ թե անուղղակիորեն հենց իրացման ճանապարհով:

«Կատարվե՞լ է վերլուծություն, որ հենց պետք է 15 տոկոս լինի: Կառավարությունն արդյոք  վախ չունի՞ որ այսպիսի հարկային բեռի ավելացման դեպքում ճյուղը կկրի վնասներ և, բնականաբար, այստեղ խոսել ներդրումների զարգացման ու շահութաբերության մասին դառնում է անիմաստ: Մեր տեսանկյունն այն է, որ առաջինը սա պետք է կապվի շահութաբերության հետ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ համաձայն կառավարության հաշվարկների՝ արտահանման հարկումն ընթացիկ գների դեպքում կարող է պետբյուջեի համար տարեկան կտրվածքով հավելյալ 72 մլրդ դրամի մուտք ապահովել: Այնուհետև այդ գումարները նախատեսվում է ուղղել նոր ստեղծվելիք սուվերեն ֆոնդ։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ նշեց, որ պետք է իրականացվի համապարփակ ուսումնասիրություն, որից հետո միայն որոշվի, թե ինչ դրույքաչափ պետք է ընդունել: Ըստ նրա՝ էկոնոմիկայի նախարարությունն ասում է, որ հաշվարկները ցույց են տալիս, որ 5300 դոլար գնի դեպքում արդեն շահույթ է արձանագրվում, սակայն չկան հստակ վերլուծություններ: Իսկ քաղաքականությունը պետք է հիմնված լինի դրանց վրա: 
Հարցին, թե ինչու է պետությունը գնում անուղղակի հարկման ճանապարհով. արդյոք պատճառն այն է, որ պետության համար ոչ թափանցիկ է կազմակերությունների շահույթը, պարոն Եղիազյարյանը նշեց, որ սա «հնի» տհաճ ժառանգությունն է:

«Ես հարկային համակարգում եմ եղել՝ 20 և ավելի տարիներ: Բոլոր դեպքերում կասկածի, վախի մթնոլորտ կա՝ եկամուտների հայտարարագրման: Եթե մենք բաց թափանցիկ հայտարարագրում ենք մեր եկամուտները, եկեք 30, 50 տոկոս հարկենք, բայց դա լինի շահույթից», - նշեց նա:

 Եղիազարյանի խոսքով՝ ոչ ոք երաշխիք չունի, թե միջազգային գները վաղն ինչ փոփոխությունների են ենթարկվելու. «Ես դեմ չեմ, որ պետությունը գտնում է, որ այստեղ հարկային մուտքեր կան, որ գործատուները կարող են վերցնել իրենց վրա, դեմ չեմ, բայց ուրեմն եկեք հարկենք ռեալ շահույթներից և եկամուտներից»: