Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կլինկերի ներմուծման տուրքը մի փոքր կավելանա»․Վահան Քերոբյան

«Կլինկերի ներմուծման տուրքը մի փոքր կավելանա»․Վահան Քերոբյան
Քաղաքականություն
14:25, 07 май 2021
Այսօր Աժ նիստում խորհրդարանը քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը զեկուցեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախագիծը վերաբերում է ցեմենտի և կլինկերի ներմուծումը կարգավորելուն, այն լիցենզավորվող գործունեություն դարձնելուն և որոշակի տուրքով հարկելուն և ուղղված է ՀՀ տնտեսական պոտենցիալը հնարավորինս պահպանելուն և Հայաստանում առկա երկու ցեմենտի գործարանների աշխատանքին։ 

«Այս առաջարկը չի ընդունվել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից, և առաջինից երկրորդ ընթերցում մենք կներկայացենք այն տարբերակը, որը կառաջարկի հանձնաժողովը, և ըստ էության կունենանք այն, ինչ եղել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, բայց ճշգրտմամբ։ Մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ նախագծի հիմնավորման մեջ թերություններ կան։ Նա հիշեցրեց, որ եթե 2018-19 թվականներին նախագիծը քննարկվում էր, տուրքի սահմանման նպատակն այն էր, որ արտադրողներին ժամանակ տրվեր, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրական ծախսերը օպտիմալացնել, ինչն էլ պետք է հանգեցներ ցեմենտի գնի նվազման։

«Ցեմենտի իրացման ծավալները 30 տոկոսով աճել են, բայց գնի վրա դա որևէ կերպ չի ազդել։ Բացի այդ, հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխության արդյունքում պետբյուջեի մուտքերը կավելանան 1.5 մլրդ դրամով, որից 700 մլն դրամը՝ ներմուծվող ցեմենտի մասով։ Եվ նախատեսում ենք, որ նեկրվող ցեմենտը պետք է լինի 200 հազար տոննա, և եթե դա բազմապատկենք ձեր առաջարկած 25 հազար դրամ տուրքով, ապա 5 մլրդ դրամ կստանանք։ Բայց 700 մլն դրամը որտեղ, 5 մլրդ դրամը՝ որտեղ»,- նկատեց պատգամավորը։ 

Ի պատասխան հնչեցված հարցի՝ Վահան Քերոբյանը նշեց, որ պատգամավորը հավանաբար շփոթել է թվերը և այն 200 հազար տոննան, որ մասին քննարկվում է, վերաբերում է կլինկերից ցեմենտի արտադրությանը, այսինքն, նրա խոսքով, մոտ 160 հազար տոննա ցեմենտի կլինկերի ներմուծման վրա 9000 դրամ տուրք սահմանելու մասին է։