Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր խնդիրն է ապահովել ԼՂ ժողովրդի բոլոր իրավունքները, ապահովել նրանց անվտանգությունը և դրանցից բխեցնել կարգավիճակը․ անկլավների մասին քննարկում տեղի չի ունեցել. Արթուր Հովհաննիսյան

«Յուրաքանչյուր հանդիպումից առաջ հնչում են տարատեսակ թեզեր։ Էս հանդիպումից առաջ էլ հանդիպեցի ընդդիմադիր պատգամավորներից մեկի հայտարարությանը, որ հերթական բայղուշությունն էր արել՝ Արթուր Ղազինյան անունով, որը գրել էր, թե իբր «գնում են էլի ինչ-որ բաներ հանձնելու», մի այսպիսի գիտաֆանտաստիկ նյութ էր գրել, որը հաջորդ օրն իսկ՝ բրյուսելյան հանդիպումից հետո պարզվեց, որ որևէ աղերս չի կարող ունենալ ճշմարտության հետ: Բայց մեր հանրությունը իր ուշադրությունը պետք է սևեռի նրա վրա, որ երբ նմանատիպ հանդիպումներից հետո հնչում են հայտարարություններ Շառլ Միշելի կողմից, այդ հայտարարությունները վերաբերում են բանակցությունների կողմերին: Դրանք բալանսավորված են, և պետք չէ այդտեղ փնտրել դավադրություններ։ ՀՀ Կառավարությունն այսօր շարժվում է բացառապես ՀՀ և Արցախի ժողովրդի շահերով։ Մեր խնդիրն է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքները, իրենց հողում ազատ ապրելու իրավունքը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը, ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունը և այս երաշխիքներից բխեցնել կարգավիճակը», - Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը և դրա արձագանքներին, նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

Անդրադառնալով Հայաստանի տարբեր տարածքների՝ Ադրբեջանի տարածքով միանալու հնարավորությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը ոչ թե անկլավների մասին է, այլ Երասխից Մեղրի երկաթգիծը, օրինակ, Նախիջևանով անցնելու, և խոսքը սրա մասին է, անկլավների մասին քննարկում տեղի չի ունեցել։ «Այսօր ունենք իրավիճակ, որ բանակցային սեղանին տեղի ունեցող ամեն ինչով ՀՀ իշխանությունները բաց և ուղիղ հաղորդակցվում են մեր հանրության հետ: Ամեն ինչ անում ենք, որ մեր ժողովրդի ելակետերը լինեն ճշմարտություններ, և մենք ասում ենք ճշմարտությունները»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից լինում են անընդունելի հայտարարություններ, բայց դրանց մեր կողմից պատշաճ պատասխաններ են հետևում։ «Շատ ցավում եմ, որ ընդդիմությունը չի վերցնում մեր պատասխանները, այլ վերցնում է Ադրբեջանի անընդունելի հայտարարությունները և դրանք դարձնում ներքաղաքական պայքարի գործիք։ Մարդիկ պետք է գնահատեն այն քաղաքական գործիչներին, որոնք օգտագործում են թշնամական թեզերը ներքաղաքական պայքարում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Շառլ Միշելի արած հայտարարության մասին Հովհաննիսյանն ասաց, որ դա պետք է լինի բալանսավորված և չի կարող որևէ կողմի համար ականջահաճո հայտարարություն լինել։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան