Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանապետը Աշտարակում մասնակցել է ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությանը

Հուլիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի ունեցավ հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալներ, իրավապահ կառույցների, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հարազատներ, ոստիկանության ծառայողներ։
Խաչքարը բացեց ոստիկանության զորքերի զոհված ծառայողներ՝ եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյանների հայրը՝ Եղիշե Մելքոնյանը։
Կատարվեց խաչքարի օծման արարողություն, ինչից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարին։

Ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաները շրջեցին նաև ոստիկանության Աշտարակի վերանորոգված բաժնում, ծանոթացան կատարված աշխատանքին, եղան հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հուշապատի մոտ։
Հիշեցնենք, որ Աշտարակից և հարակից գյուղերից 44-օրյա պատերազմում զոհվեցին ոստիկանության 8 ծառայողներ՝ եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյանները, Կարապետ և Գևորգ Մելքոնյանները, Լևոն և Արմեն Անթանյանները, Արտյոմ Բալայանը և Հայկ Գևորգյանը, իսկ Արցախյան առաջին պատերազմում զոհվել է ոստիկանության ծառայող Բաղդասար Ալեքսանյանը։