Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա հարձակում է նաև ՀՀ տնտեսական առաջընթացի դեմ. կան ուժեր, որոնք չեն ուզում Հայաստանի մրցունակ պետություն դառնալը. Փաշինյան

Սա հարձակում է նաև ՀՀ տնտեսական առաջընթացի դեմ. կան ուժեր, որոնք չեն ուզում Հայաստանի մրցունակ պետություն դառնալը. Փաշինյան
Հայաստան
14:05, 16 сентябрь 2022
«Խոզնավար հատվածում տեղի ունեցածը Հայաստանի ներքին պրոցեսների վրա ազդեցություն գործելու շատ կոնկրետ նպատակ ուներ, և այս հարձակումը նույնպես այդպիսի համատեքստ ունի: Իմ գնահատմամբ՝ սա նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում էր, այդ թվում նաև 20 թվականին տեղի ունեցածը, որովհետև ի հեճուկս կանխատեսումների՝ ընթացիկ տարում Հայաստանը տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ ունի, բայց խնդիրը նույնիսկ տնտեսական աճը չէ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով Հայաստանը աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, ընդ որում, 2018-ի համեմատ էականորեն բարելավվել են դիրքերը»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով շահարկումներին, թե կովիդի բերումով են շատ երկրների ցուցանիշներ վատթարացել, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Եթե աշխարհի բազմաթիվ երկրներ կովիդը կառավարել են այնպես, որ իրենց տնտեսական ազատությունները էականորեն վատացել են, իսկ Հայաստանը կովիդը կառավարել է այնպես, որ տնտեսական ազատությունը, ընդհակառակը, բարելավվել է, ապա սա նաև կովիդի համավարակի կառավարման մասին է վկայում: Ինչևէ, մենք պետք է արձանագրենք, որ նման հարձակումները Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների նկատմամբ են նաև, որովհետև ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն: 

Սա հարձակում է Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ, բայց որևէ ագրեսիա մեզ չի կարող շեղել մեր արժեքներից, մեր նպատակներից, որոնք ամրագրված են մեր Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա հոդվածներում: Հետևաբար մենք պետք է դա վերցնենք որպես ուղենիշ և շարունակաբար ու անհոգնել քայլենք այդ ճանապարհով՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների»: