Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ. Արարատ Միրզոյան. Տեսանյութ

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ։ Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,- այսօր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։ Նախարարի խոսքով՝ անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով։
Արարատ Միրզոյանը վստահ է, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու  և ամրապնդելու համար։ 

Դիմելով Իրանի ԱԳ նախարարին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ  ուզում է հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը։  «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում