Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզկենտրոնում վաղը տեղի կունենա ՀՀ ԻԻՀ հյուպատոսության պաշտոնական բացումը

Սյունիքի մարզկենտրոնում վաղը տեղի կունենա ՀՀ ԻԻՀ հյուպատոսության պաշտոնական բացումը
Քաղաքականություն
18:10, 20 октябрь 2022
Վաղը Սյունիքի մարզի Կապան համայնքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունից։ 

ՀՀ-ում հյուպատոսություն բացելու որոշումը, հիշեցնենք, հարևան ԻԻՀ կառավարությունը  կայացրեց նախորդ տարվա դեկտեմբերին։

Հայաստանի արտգործնախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանն իր հերթին աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այս տարվա ապրիլին  ԻԻՀ դեսպանը հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Կապանի համայնքապետ  Գևորգ Փարսյանին և քննարկել հյուպատոսության բացման հետ կապված հարցեր։ Դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին։ Կապան կատարված այցի ավարտին  իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի բացման համար:  

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր ակտիվությունն ընդգծող Հայաստանի հարավային հարևանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախորդ ամսավերջին  հայտարարել էր, թե Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրների միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։ 

Սեպտեմբերի 30-ին Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական էկզեկվատուրան (արտոնագիրը)։ Միրզոյանը նշել էր, որ  հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է երկու հարևան երկրների  միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ այս տարվա  սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Սեպտեմբերի 22-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել էր  ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:  

Այս տարվա հուլիսի 7-8-ը տեղի  ունեցավ ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը ՀՀ: 

2022թ. մայիսի 10-12-ը Երևանում կայացավ  Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ 

Իրանը, ընդգծենք,  Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է և արտաքին առևտրի գործընկերների շարքում ավանդաբար գտնվում է առաջին հնգյակում:

ԱԳՆ կայքից Civic.am-ը տեղեկացավ, որ  2022թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 427389.4 հազ. ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 74412,0, ներմուծումն ըստ արտահանող երկրի՝ 353180.9, ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 352977.4 հազ. ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, քննարկել հյուպատոսության բացման հետ կապված կազմակերպչական հարցեր: 

Ելենա Ազատյան