Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառն աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը. ԱԻՊԾ

Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառն աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը. ԱԻՊԾ
Հայաստան
17:32, 20 апрель 2021
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նոր պարզաբանում է ներկայացրել Բորիս Ավագյանին ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: ԱԻՊԾ-ի պարզաբանումը.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների շահարկումների՝ ևս մեկ անգամ պարզաբանենք, որ Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնեական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։

Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի թեմաներից, որի հետ իր զբաղեցրած պաշտոնը բացարձակապես որևէ կապ չունի։ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որևէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին:

ԱԻ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։

Ի դեպ, Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։

Ուստի, նա հերթական անգամ է խախտել աշխատանքային կանոնները, որի պատճառով ՆԳ նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ պաշտոնեական դիրքի չարաշահման համար Բորիս Ավագյանը ազատվել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: « Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանը ապրիլի 19-ին ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր կողմից հնչեցրած կարծիքների համար։ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է շրջանակներից դուրս թեմաներից։ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնեական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված էր պարզաբանման մեջ: