Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տպավորություն չստեղծենք, որ հիմա ամեն մարդ պետք է հաշվապահ ընդունի աշխատանքի. Փաշինյանը՝ հայտարարագրերը լրացնելու մասին

«Էնպիսի տպավորություն չստեղծենք, որ հիմա ամեն մարդ պետք է  հաշվապահ ընդունի աշխատանքի: ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքի մեծ մասն անելու է, վերջում իրենք պետք է վերանայեն, և եթե փոխվելու բան կա, պետք է փոխեն»,- այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դիտարկման, թե մարդիկ հնարավոր է հայտարարագիրը լրացնելու հարցում օժանդակության կարիք ունենան:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը չի որոշում, և եթե մեկը ցանկանա հարմարավետ ծառայություն մատուցել մարդկանց, և մարդիկ էլ հետաքրքրվեն, ապա, ինչպես նկատեց Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը տնտեսապես ազատ երկիր է, թող մարդիկ որոշեն. «Բայց մարդկանց համար պետք է այս համակարգը հարմարավետ դարձնենք, որպեսզի մարդիկ լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտություն չունենան: Ի վերջո, 21-րդ դարն է, և մարդիկ թվային հմտություններ ունեն, պետք չէ բարդացնել: Սա առիթ է նաև, որ քաղաքացիները իրենց թվային կարողությունները բարելավեն»:

Վարչապետը հանձնարարեց վիճակագրությունը հանել և տեսնել, թե ովքեր են օգտվում «E-Citizen» համակարգից, «օնլայն բանկինգից»: