Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան մարդիկ, որոնք բանտում պետք է լինեն, բայց ազատության մեջ են, բայց անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում․ Նիկոլ Փաշինյան

Կան մարդիկ, որոնք բանտում պետք է լինեն, բայց ազատության մեջ են, բայց անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
16:39, 10 май 2021
Այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ անկեղծորեն լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված նրա լավատեսությունը արդարադատության և առհասարակ դատական համակարգում այսպես կոչված բարեփոխումների վերաբերյալ։

«Առավելապես, Մարտի 1-ի գործով ՍԴ-ի վերջին խայտառակ որոշումը, որն ըստ էության սահմանադրական կարգի տապալման մեկ ուրիշ փորձ էր։ Ավելին, նոյեմբերի 10-ին Կառավարության շենք և ԱԺ շենք ներխուժած այդ հերոսակախմբերից կամ խմբերի ներկայացուցիչներից որևէ մեկը մինչ օրս կալանավորված չէ։ ԱԺ-ի նախագահի դեմ մահաձորձ իրագործած և ծրագրավորած  որևէ անձ կալանավորված չէ։

Իսկ հանրայնացված հեռախոսազրույցի բովանդակությունը խոսում էր այն մասին, որ պետության առաջին դեմքերին ուղղակի ոչնչացնելու կամ չեզոքացնելու այդպիսի ծրագիր է եղել։ Էդ մարդիկ էլ հիմա քաղաքական հայտ են ներկայացրել և մասնակցում են ընտրություններին և սա դուք ասում եք օրերս համացանցում հրապարակված դատավորներից մեկի  այդ հայտնի պատմության համատեքստում, երբ ԲԴԽ-ի նախագահը զանգահարում է դատավորին և կոնկրետ հրահանգ տալիս, թե ինչ պետք է անի կոնկրետ քրեական գործով»,-ասաց Արման Բաբաջանյանը՝ ցանկանալով լսել Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը այս առնչությամբ։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի ասել,որ մեր դատական համակարգն անթերի է,այլ ասել է,որ տեղի են ունեցել  խորքային փոփոխություններ,որի շահառուն մարդիկ են, ՀՀ քաղաքացիները։ 

«Գուցե ես այդ ինֆորմացիային ամբողջական չեմ տիրապետում, բայց  կառավարություն ներխուժած քաղաքացիներից կալանավորված մարդիկ կան և ԱԺ նախագահի դեմ հարձակում իրականացրած քաղաքացիներից էլ կալանավորված անձ կա։ Ես ձեզ հետ կհամաձայնվեմ այն առումով, որ քննության որակը բարձրացնելու և ամբողջականացնելու անհրաժեշտություն կա։ Այո՛, կան գործեր, որոնք առանձնահատուկ հանրային ուշադրություն են վերցնում, բայց նկատի ունեմ, որ ամբողջ դատաիրվական գործընթացները միայն այդ գործերը չեն։ Ես անում եմ շատ կարևոր արձանագրում, ասում եմ, որ իհարկե այս արձանագրումն էլ բացարձակ չէ։ Բայց, համենայն դեպս, քաղաքական պնդում անելու հնարավորություն կա։ Հնարավոր է՝ կան մարդիկ, որոնք բանտում պետք է լինեն, բայց ազատության մեջ են, բայց անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում և ես դա շատ մեծ ձեռքբերում եմ համարում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։