Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին

Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին
Քաղաքականություն
16:54, 17 апрель 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հորդորեց սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց քվեարկությամբ դատել նրանց, որոնց, ժողովուրդը կարծում է՝ իշխանությունը չի կարողացել դատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը նախ անդրադարձավ քննադատություններին, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները ձախողվել են: «Մարդիկ այդ հարցը բարձրացնելիս՝ ասում են՝ ինչո՞ւ է այն մեկը ազատության մեջ: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մի շատ կարևոր բան, մենք 2018-ի հեղափոխության ժամանակ ասել ենք, որ հեղափոխությունից հետո վենդետա չի լինելու, լինելու է արդարադատություն և արդարություն: Մենք կարո՞ղ ենք ասել, որ այսօր Հայաստանում լիարժեք կա արդարադատություն և արդարություն` ոչ, ցավոք սրտի, չենք կարող ասել»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ արդարության և արդարադատության անկյունաքարային բանաձևը հետևյալն է՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Փաշինյանը սա շատ կարևոր սկզբունք համարեց: «Քանի որ մեղավորին, երբ էլ լինի, կբռնես ու պատասխանատվության կենթարկես, և ի վերջո արդարադատությունը կհաղթի: Բայց, եթե անմեղին 5 տարի բանտ նստեցնես, հետո պարզվի, որ նա անմեղ է, այդ 5 տարին էլ հետ չես բերի, իր համար այլևս արդարությունը վերականգնելու հնարավորություն չի լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ-ում երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա:

Այսինքն՝ Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան այսօր: «Մենք կարող ենք ասել, որ ոչ բոլոր մեղավորներն են այսօր բանտում, բայց այսօր ՀՀ-ում անմեղ մարդիկ չկան բանտում: Որովհետև մենք հավատարիմ ենք եղել ձեր առաջ ստանձնած մեր պարտավորություններին. մենք ասել ենք, որ վենդետա չի լինելու, չի եղել ՀՀ-ում վենդետա ու չկա: Մենք ասել ենք, որ կառուցելու ենք անկախ դատական համակարգ, և կառուցում ենք հիմա, այո, դա դժվար ճանապարհ է, առաջինը մենք ենք տուժում դրա ձեռքից: Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում ինստիտուտները կայանան»,-ասաց նա:

Փաշինյանը նաև վստահեցրեց, որ այսօր Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա՝ համոզմունք հայտնելով, որ դա պարզապես հայտարարություն չէ, այլ մարդիկ տեսնում են, գիտեն: Նա նաև նկատեց, որ մարդիկ շատ արդար հարց են բարձրացնում, որ այսինչին, այնինչին չկարողացան դատել առնվազն մինչև հիմա: Հիշեցրեց, որ առաջիկայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ: Դիմելով ժողովրդին՝ նա ասաց. «Ում, որ մենք չենք կարողացել դատել, դուք ինքներդ կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Դա էլ է դատ: Ձեր կարծիքով` ում պետք է դատեինք ու չենք դատել, ուշանում է դա, 2021-ի հունիսի 20-ին ձեզնից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել: Եվ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի»,-ասաց Փաշինյանը: