Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր 6 «Սթարմուս»-ների մեջ սա լավագույնն էր․ ամփոփվեցին «Սթարմուս» միազգային 6-րդ փառատոնի արդյունքները

«Սթարմուս» միջազգային 6-րդ փառատոնի միջոցառումների ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ այսօր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց Գարիկ Իսրայելյանին՝ այս փառատոնը Հայաստան բերելու և Հայաստանի տեսանելիությունը գիտության և մշակույթի ուղղություններով մեծացնելու համար, ապա նշեց, որ հասել են այն նպատակներին, որոնք դրած են եղել իրենց առաջ։

 Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են փառատոնի կազմակերպմանը՝ առաջին հերթին ՀՀ կառավարությանը և մյուս գործընկերներին։ Իսրայելյանը նշեց նաև, որ «Սթարմուս»-ի տեղական թիմը արտակարգ է աշխատել և բոլոր 6 սթարմուսների մեջ սա լավագույնն էր։
 
Գարիկ Իսրայելյանն ասաց, որ բավական մեծ նյութ է հավաքվել և դեռ պետք է սա մարսել։ 
 
Իսրայելյանը նաև վստահություն հայտնեց, որ «Սթարմուսը» մեծ ազդեցություն ունեցավ թե՛ մեր ուսանողության, թե՛ դասախոսների վրա, օգնեց նաև գիտությանը։ Ըստ աստղաֆիզիկոսի, «Սթարմուսի» շնորհիվ դրան մասնակցած գիտնականները անձնական կապեր հաստատեցին համալսարանների և արտերկրյա գիտնականների հետ։
 
«Սթարմուս»-ի տված օգուտների մասին խոսեց նաև Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նմանօրինակ կապեր հաստատեցին նաև մեր բուհերը, որոնք մեկ տասնյակից ավել հուշագրեր ստորագրեցին, այն գիտնականների հետ, որոնք մասնակցում էին «Սթարմուս»-ին։
 
Արայիկ Հարությունյանը խոսեց նաև նմանօրինակ այլ միջոցառումների կազմակերպման հնարավորության մասին՝ նշելով, որ կառավարությունը շատ լուրջ ուշադրություն է դարձնում գիտությանը և 190 տոկոսով ավելացրել է գիտության բյուջեի ֆինանսավորումը և բացի ուղղակի ներդրումներից նաև նման միջոցառումներ պետք է իրականացվեն։ 
 
Հայաստանում, ըստ Արայիկ Հարությունյանի, ավելի զարգացած է գիտության բնագիտական ճյուղը, հումանիտար ճյուղը, համեմատաբար ավելի վատ վիճակում է։ 
 
«Սթարմուս» փառատոնը մինչ այս անցկացվել է Տեներիֆեում, Նորվեգիայում, Շվեյցարիայում։ 
Հայաստանում «Սթարմուս» 6-րդ գիտության և արվեստի փառատոնը անց էր կացվում «Սթարմուս 6․ 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված էր Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։ 
 
Հատկանշական է, որ «Մարս 3»-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «Փրոփ Էմ» ռոբոտը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան