Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես տեսնում եմ ցեղասպանության վտանգ, Վրաստանն ու Իսրայելը քաղաքական շահից ելնելով չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն. տեսանյութ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումն է անցկացվում Երևանում։ Միջոցառման մեկնարկն այսօր էր՝ դեկտեմբերի 12-ին, ներկա էին տարբեր երկրների ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից, այդ թվում միջազգային կազմակերպություններից։

Civic․am-ի հետ հարցազրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ միջոցառումը նվիրված է ցեղասպանությունների կանխարգելման խնդրին։ Նրա խոսքով՝ տարբեր պետությունների կողմից Հայաստանի առաջարկն ընդունելն ու միջոցառումը Երևանում անցկացնելը Հայաստանի հանդեպ ունեցած հարգանիք ցուցիչն է․ «Այնպես չէ, որ ցանկացած երկիր առաջրկեր՝ միանգամից կհամաձայնեին, ոչ։ Մենք ունենք ցեղասպանության գործոնը»,-ընդգծեց թանգարանի տնօրենն ու հավելեց․ «Տարբեր մասնագետներ են ժամանել, որոնք ներկայացնում են նաև միջազգային կազմակերպություններ՝ այդ թվում ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն»։ 

Հարություն Մարությանը խոսելով հյուրերի ելույթներից՝ առանձնացրեց Հունաստանի կրթության և կրոնական հարաբերությունների փոխնախարարի ելույթը, որն իրերը կոչել է իր անունով ասաց․՝ «Եվրոպական մի պետություն օժանդակում է Թուրքիա պետությանը, այն պետությանը, որը վերջին ժամանակներում օժանդակեց Ադրբեջանին՝ ԼՂ-ի և Հայաստանի դեմ պատերազմում»,- մեջբերեց մեր զրուցակիցն ու նշեց, որ դա աններելի է, քանի որ մենք բախվում ենք ցեղասպանության կրկնության հնարավորությանը։

«Որպես հետազոտող ես տեսնում եմ ցեղասպանության վտանգ։ Այդ վտանգը մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետ տարբեր առիթներով Ադրբեջանը շարունակում էր ճնշումները և այսօր ամեն կերպ փորձում է խոչընդոտել հարցի կարգավորմանը»,- ասաց թանգարանի տնօրենը։

Նա տեղեկացրեց, որ 2020թ․ պատերազմից հետո թանգարանի գիտխորհուրդը ստեղծել է խումբ, որն անցյալ տարի դարձել է Նախիջևանի, Արցախի և Ադրբեջանի հայության նկատմամբ բռնաճնշումների ուսումնասիրության բաժին․ «Այս բաժնի աշխատակիցներից մեկը՝ Նաիրա Սահակյանը, մեկ շաբաթ առաջ հոդված է հրապարկել ճանաչված անգլալեզու պարբերականում, որտեղ ցույց է տվել Հեյդար Ալիևի հայատյացության ճառերն ու քարոզը»։

Այս համատեքստում Հարություն Մարությանն ընդգծեց, որ Հայաստանի որևէ ղեկավար թե խորհրդային, թե հետխորհրդային ժամանակներում նման ձևակերպումներ չի օգտագործել հարևան ժողովուրդների հասցեին։ 

Հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ սահմանի բացումը, հարաբերությունների կարգավորումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին զերծ կպահի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերից, Հարություն Մարությանն արձագանքեց․ «Իմ համոզմամբ՝ ոչ։ Հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության կարևորագույն մասերից մեկն է և ես որևիցե քայլ պետության կողմից չեմ տեսել ուղղված Հայոց ցեղասպանության դերի նվազեցման հարցին։ Հակառակը՝ հաջորդ տարի նախատեսվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգում»։ 

Դիտարկմանը՝ մեր հարևան երկիրը՝ Վրաստանը, մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թանգարանի տնօրենն արձագանքեց․ «Նույնը ինչպես Իսրայելը, քաղաքական շահը այդ պետության չի պահանջում, որ ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Հարցազրույցը՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան