Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի և տարածաշրջանի վրա կենտրոնացած միջազգային ուշադրությունը պետք է կարողանանք ծառայեցնել խաղաղության նպատակին. վարչապետ

ՀՀ-ի և տարածաշրջանի վրա կենտրոնացած միջազգային ուշադրությունը պետք է կարողանանք ծառայեցնել խաղաղության նպատակին. վարչապետ
Հայաստան
21:51, 03 март 2023
Հայաստանը շատ դժվար և վտանգավոր ժամանակաշրջանում է գտնվում, յուրաքանչյուրից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, ընդհակառակը՝ առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում։ Բայց մյուս կողմից էլ ունենք նաև պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով։ Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։ Հայաստանը շատ դժվար և վտանգավոր մի ժամանակաշրջանում է գտնվում։ Մեզնից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը խորը տնտեսական խնդիրներ չունի, ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով ևս խնդիրներ չկան։

«Մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ և մենք այս մտահոգություններն ենք առաջին հերթին կիսում միջազգային հարթակներում։ Այս պայմաններում լավ լուր չունենք, բայց վատ միջավայրում լավ լուրն այն է, որ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած և այդ ուշադրությունը մենք պետք է կարողանանք ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին,- եզրափակեց Փաշինյանը։