Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է հաջորդ սերունդներին և կառավարություններին, ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ՝ կայուն իրավիճակ․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Այսօր կառավարության այս տարվա  վերջին նիստն էր և  մինչև օրակարգն սկսելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայտնեց 2021 թվականին կատարած աշխատանքի համար։

«2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր և մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի։ Եվ այո՛, ցավոք սրտի 2021-ի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, և բնականաբար չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք, բայց այդպիսին էր իրողությունը: 2021 թվականի մայիսից սկսած, Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը, էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,-ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ պիտի բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի 2022 թվականը վերելքի և վերածննդի տարի լինի։ 

«Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը, պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքներն իրենց դեռ երկար են զգացնել տալու։ Եվ մենք պետք է քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում։ Ընդ որում, իմ համոզմունքը հետևյալն է, և նաև վերլուծելով  մեր անցած շրջանի պատմությունը, այնուամենայնիվ, մեզնից կախված հնարավորը անենք, լուծումների գնալու համար։ Մենք պետք է մեզնից կախված հնարավոր ամենն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին և հաջորդ կառավարություններին, ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, արձանագրված ամրագրված իրավիճակ, ինչն առանցքային նախապայման է երկրի բնականոն զարգացումն ապահովելու համար»,-ասաց վարչապետը։   

Ի հավելումն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մյուս կողմից սա իհարկե հեշտ չէ, և բոլորն էլ պետք է հասկանան, որ ինչքան էլ  պատրաստակամությունը մեծ է վերցնելու պատասխանատվությունը՝ որոշումներ կայացնելու, պետք է նաև արձանագրել, որ այդ որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ, միայն մեզնից չէ կախված։ 

«Սա ամենակարևոր արձանագրումն է և մենք պիտի կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ ի վերջո նաև այն բոլոր սուբյեկտներին, ումից կախված են նաև  որոշումները, հասունացնել մի այդպիսի գործընթաց, որտեղ մենք ի վերջո կարողանանք ֆիքսել իրավիճակը և մեր հռչակած Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն ի վերջո կարողանանք հասցնել լրումին։ Սա բարդ գործընթաց է։ Բայց մյուս կողմից էլ հետևողականորեն գործենք և չշեղվենք նախապես մեր հրապարակած և ՀՀ քաղաքացիների հավանությանն արժանացած օրակարգից։ Այս գործում մեզ հաջողություն եմ մաղթում»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում