Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախորդ օրենքում գործող բոլոր արտոնությունները պահպանվելու են, դրան գումարվելով նոր արտոնություններ»․Տաթևիկ Ստեփանյանը՝ հաշմանդամություն ունեցող անձնանց մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին․ Տեսանյութ

ԱԺ-ում ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, անձի ֆունկցիոնալության գնահատման և այլ հարակից օրենքների փաթեթի մանրամասներն այսօր՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նա նշեց, որ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում,  հասկացությունների սահմանումների մակարդակում:

Նախկին 1993 թվականի այս օրենքում հաշմանդամություն ունեցող անձը սահմանափակվում էր՝ որպես առողջական վիճակի պատճառով  սոցիալական պաշտպանվածության կարիք ունեցող անձ որակմամբ: Իսկ այս նոր փոփոխությունների համատեքստում, գնահատվում է անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական,մտավոր,զգայական,միջավայրային արգելքների փոխազդեցությունը, որպեսզի հնարավոր լինի նրան տվյալ միջավայրում հնարավորինս լայն ներառել՝ ըստ իր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակման:

Ներկայումս ունենք բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խմբեր, որոնք հաստատուն խմբեր են ու բաղկացած են հիմնականում բժիշկներից։ Կազմակերպչական առումով, այլևս գոյություն չեն ունենալու ստատիկ խմբեր։ Լինելու է մասնագետների ռիեստր, որտեղ, բացի բժշկական մասնագիտություններից, ներգրավված են լինելու նաև հարբժշկական  մասնագիտություններ»,-նշեց տիկին Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ հնարավորինս քայլեր են ձեռնարկվելու կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու համար։

«Ի՞նչ նպատակ ենք ունենալու նման բազմաշերտ գնահատման առումով։ Մենք հնարավորություն ենք տալու հետագայում գնահատել անձի մարմնի  կառուցվածքի և օրգանիզմի ֆունկցիաները։ Դրանք կատարվելու են բժշկական B և C կոդերով, իսկ  միջավայրային ու փոխազդեցության գործոնները՝  D և E կոդերով, որի շնորհիվ էլ մենք տալու ենք ծառայություններ՝ անհատական ծրագիր։ Ընդ որում քաղաքացին կարող է ճանաչվել կամ չճանաչվել հաշմանդամ, բայց, եթե նա կարիք ունի որոշակի ծառայությունների, դրանք տրամադրվելու են՝ որպես կանխարգելում», - նշեց նա։

Ստեփանյանի խոսքով՝ հին օրենքով փաստվում էր, որ մարդն ունի հաշմանդամություն ու նրան տրամադրվում էր սոցիալական պաշտպանության կամ առողջապահական համակարգից որոշակի արտոնություններ։ Իսկ այս փոփոխություններով կանխվում է մարդու համանդամութան ձեռք բերումը՝ հնարավորինս ծառայությունների լայն ծածկույթ տրամադրելով։

«Մենք այլևս չենք ունենալու 1-ին,2-րդ,3-րդ խումբ։ Մենք ունենալու ենք ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր, խորը ու ըստ այդ ֆունկցիոնալության աստիճանի, ունենալու ենք ծառայությունների ամբողջական փաթեթ», - ասաց նա։

Օրենքում առանձին կետ կա նաև ծառայությունների անհատական ծրագրի վերաբերյալ։ Օրինակ՝ անհատական օգնական, համայնքահենք ծառայություններ։ Նրա խոսքով այս ռեֆորմը նախարարության ռեֆորմն է, բայց, քանի որ կան շահակից այլ գերտեսչություններ, որոնք պատասխանատու են օրինակ, միջավայրի, հարմարեցումների,համընդհանուր դիզայնի համար․«Այսինքն՝ այստեղ պետք է լինեն ներգրավված նաև այլ գերատեսչություններ։ Բոլորով պիտի հնարավորինս ջանքեր գործադրենք և օրենքով ստանձնած ամեն մի գերատեսչություն իր պարտավորությունը կյանքի կոչի, որպեսզի կարողանանք  հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի հնարավորություն տալ լավագույնս ներառվել ու ունենալ կյանքի լավագույն որակ»։

Ըստ տիկին Ստեփանյանի, նախորդ օրենքում գործող բոլոր արտոնությունները պահպանվելու են, դրան գումարվելով նորերը։

Անձնական օգնականի դեպքում, օրինակ, ֆունկցիայի ծանր կամ խորը խանգարում ուենցող անձանց տվյալ պարագայում տրամադրվում է անձնական օգնական՝ պետության կողմից, որպես ծառայություն։ Տրամադրման կարգը մոտ մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի մշակվի․ «Մեծ մասամբ, իհարկե, այդ իրավական ակտերը մշակված են ու մենք կարիք ունենք ուղղակի լրամշակելու»։ 

Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում պարտավորվում է ապահովել խելամիտ հարմարեցումների միջոցով հասանելիությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց․ «Այստեղ մենք ունենք այս գերատեսչությունների ներգրավվածությունը։ Օրենքով սահմանելու ենք տույժ և տուգանքներ՝ չվերացնելու դեպքում, և մեկ տարի անց կրկնելու դեպքում՝ էլ ավելի մեծ սահմանաչափով տուգանքներ։ Իսկ հիմա չկան տուգանքներ»։