Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021-ին կառուցված Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը 2022-ին որոշ հատվածներում քանդվել է նաև գերբեռնված մեքենաների պատճառով․ կշռող որոշ տեսուչներ 20-40 հազար դրամ կաշառքով «աչք են փակել»

2021-ին կառուցված Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը 2022-ին որոշ հատվածներում քանդվել է նաև գերբեռնված մեքենաների պատճառով․ կշռող որոշ տեսուչներ 20-40 հազար դրամ կաշառքով «աչք են փակել»
Հայաստան
16:24, 17 май 2023
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց առ այն, որ կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից  կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր:
 
Տեսչական մարմնի աշխատակիցներ Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն և Վ. Մ.-ն 2023 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետում հերթապահություն իրականացնելիս կշեռքի միջոցով պարզել են, որ նշված անցակետով անցնող ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների վարած մի շարք բեռնատարներ գերբեռնված են, այսինքն՝ գերազանցում են օրենքով թույլատրելի առավելագույն քաշը: Այնուհետև ՔՏՀԱ վերը նշված պաշտոնատար անձինք բեռնատարների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց Ն. Վ.-ի օժանդակությամբ վարորդներից որպես կաշառք պահանջել և ստացել են 20-60 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև դիզելային վառելիք:
Բեռնատարների կշռումն իրականացվում է ճանապարհների պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում։ Մեկ կիլոմետր ճանապարհ կառուցելու համար պետությունը ծախսում է 100-130 մլն դրամ։ Գերբեռնված բեռնատարների երթևեկը էական վնաս է հասցնում ճանապարհներին՝ հատկապես ամռան ամիսների ընթացքում, և պետությունը ստիպված է լինում նոր կառուցած ճանապարհը կրկին վերանորոգել՝ կրկին միլիոնավոր դրամներ ծախսելով։ Ըստ հետազոտությունների՝ եթե մեքենան 2 անգամ ավելի է բեռնված, քան թույլատրվում է, ապա ճանապարհին հասցվում է ոչ թե 2, այլ 16 անգամ ավելի վնաս։ 

Տարեցտարի կառավարությունն ավելացնում է ճանապարհների նորոգմանն ու հիմնանորոգմանը ուղղված գումարները, և ավելի շատ ճանապարհներ են կառուցվում ողջ հանրապետությունում։ Միաժամանակ, պետությունը քայլեր է ձեռնարկում դրանց պահպանման ուղղությամբ։ Մասնավորապես, պետությունը շարժական և ստատիկ կշեռքներ է ձեռք բերում, որոնք տեղակայվում են հատկապես հանքարդյունաբերությունը սպասարկող ճանապարհներին և սահմանային հատվածներում։ Այդ կշեռքների ձեռք բերման և տեղադրման վրա ևս կառավարությունը մեծ գումարներ է ծախսում, իսկ մի քանի իրավասու սուբյեկտներ ընդամենը մի քանի հազար դրամ կաշառքի դիմաց էական նյութական վնաս են հասցնում պետությանը։ 

Օրինակ՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը, որ պետությունը կառուցել էր 2021 թվականին, 2022-ին արդեն որոշ հատվածներում քանդվել էր։ Կառավարությունը ճանապարհը կառուցելու համար 8 մլրդ դրամ էր ծախսել։ 68 կմ երկարությամբ այդ ճանապարհի 43 կիլոմետրը, ըստ էության, զրոյից էր կառուցվել։

Այդ ճանապարհով մինչև 2 անգամ ավելի գերբեռնված մեքենաներ էին երթևեկում, և, ըստ մասնագետների, օբյեկտիվ այլ պատճառներից բացի՝ ճանապարհը քանդվել էր նաև գերբեռնված մեքենաների պատճառով։

Նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում 31 բեռնատար է կշռվել, որոնցից 14-ը սահմանվածից ավելի են բեռնված եղել։ Սրանք պաշտոնական տվյալներն են։ Թե որ դեպքերում են տեսուչները կաշառքի դիմաց սխալ տվյալներ մուտքագրել, կամ եղել են նման դեպքեր, թե ոչ՝ միայն կարելի է ենթադրել։ 

Նշենք, որ բեռնատար մեքենաների թույլատրելի առավելագույն բեռնվածությունը 18-40 տոննա է՝ կախված մեքենայի տիպից։

Վովա Հակոբյան