Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելի կենտրոնում սպանել են Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի երկու երկրպագուների. մարդասպանը իրեն անվանել է ԴԱԻՇ-ի հետևորդ

Բրյուսելի կենտրոնում սպանել են Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի երկու երկրպագուների. մարդասպանը իրեն անվանել է ԴԱԻՇ-ի հետևորդ
Միջազգային
12:02, 17 октябрь 2023
Բրյուսելի կենտրոնում զինված չարագործի հրաձգության հետևանքով զոհվել է Շվեդիայի երկու քաղաքացի, հայտնում է Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել «Էյզել» մարզադաշտից մոտավորապես հինգ կմ հեռավորության վրա, որտեղ հոկտեմբերի 16-ի երեկոյան նախատեսված էր Եվրո-2024-ի ընտրական հանդիպումը Բելգիայի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականների միջև: Զոհերի հագին եղել են Շվեդիայի հավաքականի մարզաշապիկներ։

Ինչպես գրում են տեղի լրատվամիջոցները՝ հանցագործը տեսագրել է մի տեսանյութ, որում իրեն անվանել է ԴԱԻՇ-ի հետևորդ և հայտարարել, որ սպանել է անհավատներին՝ վրեժխնդիր լինելով մուսուլմանների համար, որոնք մահանում են կրոնի համար։
Բելգիա-Շվեդիա հանդիպումը չի վերսկսվել առաջին խաղակեսից հետո, երբ հայտնի է դարձել Բրյուսելում երկու երկրպագուի զոհվելու մասին։ Հաղորդվում է, որ խաղն այսօր չի կայանա։

Բելգիայի իշխանությունները սպանության հետ կապված առավելագույնի են բարձրացրել երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։

Ինչպես հայտնում է VRT հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, ոստիկանները մայրաքաղաքի սրճարաններից մեկում չեզոքացրել են կասկածյալին։ Լրատվամիջոցները հավելել են, սակայն, որ ներկայումս լիարժեք վստահություն չկա, որ ոստիկանների կողմից չեզոքացված կասկածյալը ֆուտբոլասերներին սպանողն է եղել: