Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Իսրայելին խնդրել է հետաձգել Գազայում ցամաքային գործողության մեկնարկը. Ինչն է պատճառը. NYT

ԱՄՆ-ը Իսրայելին խնդրել է հետաձգել Գազայում ցամաքային գործողության մեկնարկը. Ինչն է պատճառը. NYT
Միջազգային
10:52, 23 октябрь 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելին խնդրել է հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը, որպեսզի ժամանակ շահի պատանդների շուրջ բանակցությունների և հումանիտար օգնության ուղարկման համար, գրում է The New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

 Պարբերականը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից երկու ամերիկուհիների ազատ արձակումը ԱՄՆ-ին ստիպել է համառորեն հասնել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկի հետաձգմանը։ Պարբերականի աղբյուրը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, նշել է, որ ՀԱՄԱՍ-ը ուղիղ կերպով զգուշացրել է, որ գործողության մեկնարկը ավելի քիչ հավանական կդարձնի պատանդների ազատ արձակումը։

NYT-ն ավելի վաղ գրել էր, որ ամերիկացի և արևմտյան այլ պաշտոնյաներ կարծում են, որ բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել իրենց կողմից պատանդառված կանանց և երեխաներին։ Իսրայելի բարձրաստիճան զինվորականն իր հերթին ասել է, որ խմբավորումը կարող է ազատ արձակել երկքաղաքացիություն ունեցող մոտ 50 պատանդի։ 

Այնուամենայնիվ, նշում է պարբերականը, Միացյալ Նահանգները փորձում է ժամանակ շահել ոչ միայն պատանդների և հումանիտար օգնության շուրջ բանակցությունների համար, այլ նաև ուժեղացնելու համար ամերիկյան հաստատությունների պաշտպանությունը Մերձավոր Արևելքում հարձակումների դեպքում, որոնց դրանք կարող են ենթարկվել Գազայի հատվածում ցամաքային գործողության սկսվելուց հետո:

Միաժամանակ, ամերիկացի պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ հարձակման հետաձգումը կարող է առիթ դառնալ՝ ասելու, որ Միացյալ Նահանգները վերահսկում է Իսրայելը: