Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանային խաղացողները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը, այդքան էլ մտահոգված չեն Աֆղանստանում թալիբների իշխանության գալով. քաղաքագետ

Տարածաշրջանային խաղացողները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը, այդքան էլ մտահոգված չեն Աֆղանստանում  թալիբների իշխանության գալով. քաղաքագետ
Միջազգային
14:01, 18 август 2021
 «Եթե նեոթալիբներին հաջողվի ձևավորել կառավարման բոլոր ինստիտուտներն ու վերահսկել դրանք՝ կարող ենք խոսել Աֆղանստանում հաջողված հեղաշրջման մասին»,- այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը «Անկայուն Աֆղանստան. ինչպե՞ս չեզոքացնել նոր սպառնալիքները Հարավային Կովկասի համար» վերտառությամբ քննարկման ժամանակ։ 
Արաբագետի խոսքով՝ նեոթալիբներն ունեն հստակ գաղափարախոսություն, որով ուզում են ձևավորել քաղաքականություն, և այն նկատելի էր դեռևս 2016թ. իրենց տարբեր հարթակներում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Կատարում, թե՛ Ճապոնիայում։  

Հայկ Քոչարյանը հիշատակեց, որ խնդրահարույց հարցերում, օրինակ՝ կանանց իրավունքներին առնչվող, նրանց հայտարարությունները տարբերվում են նախկին՝ 90-ականների թալիբների հայտարարություններից։ Օրինակ՝ կա հստակ դիրքորոշում՝ կինն ամբողջությա՞մբ պետք է ծածկվի, թե՞ գլխաշորը բավական է, ինչը մեծ փոփոխություն է. «Խոսքը կրկին իսլամական արժեհամակարգի վրա հիմնված պետություն ունենալու մասին է, բայց այլ մոտեցումներով»։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն էլ հիշատակեց, որ դեռևս 2020թ.փետրվարին, երբ Դոհայում ստորագրվեց «Միացյալ Նահանգներ-Թալիբական շարժում» խաղաղության համաձայնագիրը, որով ֆիքսվեց ժամկետ, որ մինչև 2021թ. մայիսի 1-ը ԱՄՆ զորքերը Աֆղանստանից պետք է դուրս գան, արդեն տարածաշրջանի բոլոր խաղացողների համար ակնհայտ էր, որ ի վերջո թալիբներն Աֆղանստանում իշխանության գալու են։    

Նա նաև հիշեցրեց, որ Աֆղանստանի հարցերով ձևավորվել էր ընդլայնված քառյակ՝ ԱՄՆ, Չինաստան, Պակիստան, Ռուսաստան, որը ինտենսիվ բանակցություններ էր իրականացնում թալիբների և Աֆղանստանի նախագահ Աշրավ Ղանիի հետ՝ փորձելով հասնել մի համաձայնագրի ստորագրման, ըստ որի՝ թալիբները կկազմեն կառավարության մի մաս, այլ ոչ թե ամբողջությամբ կվերցնեն իշխանությունը. «Վերջին հանդիպումներից մեկը տեղի ունեցավ 2021թ. մարտին, և ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարեց, որ իրեն մի քանի ամիս հավելյալ ժամկետ է պետք ԱՄՆ զորքը Աֆղանստանից դուրս բերելու համար՝ սկզբում վերջնաժամկետ հայտարարվեց սեպտեմբերի 11-ը, հետո հաստատվեց օգոստոսի 31-ը։ Շատերի համար անակնկալ էր թալիբների կողմից գրեթե առանց դիմադրության այսքան արագ խոշոր քաղաքների գրավումը. ընդամենը օգոստոսի 11-12-ին ԱՄՆ հետախուզական ծառայությունները զեկույց հրապարակեցին, որ Քաբուլը կարող է հայտնվել թալիբների վերահսկողության ներքո 90-օրվա ընթացքում, սակայն զեկույցի հրապարակումից ընդամենը 3 օր անց թալիբները Քաբուլում էին»։ 

Ինչ վերաբերում է տարածաշրջանի արձագանքին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Ռուսաստանի արձագանքը շատ ավելի մեղմ է հիմա, քան 1996թ., երբ թալիբներն Աֆղանստանում իշխանության եկան. «Թալիբներն այն ժամանակ ճանաչել էին Չեչնիայի անկախությունը Ռուսաստանից, ինչը խնդրահարույց էր Ռուսաստանի համար։ Իսկ հիմա մենք լսում ենք Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարություններ, որ Աֆղանստանում իրավիճակն այդքան էլ սարսափելի չէ։ Ավելին՝ Աֆղանստանում ՌԴ դեսպանը երեկ հայտարարեց, որ Քաբուլում իրավիճակն ավելի հանգիստ է օգոստոսի 15-ից սկսած, քան մինչ այդ։ ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարել էր, որ թալիբների հետ ավելի հեշտ է բանակցել, քան Աշրավ Ղանիի կառավարության հետ։ Այսինքն՝ Ռուսաստանն այդքան էլ մտահոգված չէ թալիբների իշխանության գալով և իսլամական ազատականության տարածմամբ դեպի Կենտրոնական Ասիա»։  

Բենիամին Պողոսյանը, խոսելով ԱՄՆ դիրքորոշումից, շեշտեց, որ Բայդենը ևս հայտարարել է, որ ճիշտ որոշում է ընդունել՝ դուրս բերելով ԱՄՆ զորքն Աֆղանստանից. «Նա նշել էր, որ ԱՄՆ զորքի խնդիրը ոչ թե պետության կառուցմամբ զբաղվելն էր, այլ ահաբեկիչների դեմ պայքարը, որպեսզի թույլ չտան, որ «Ալ-Քաիդան» և այլ ահաբեկչական ուժեր Աֆղանստանի տարածքը օգտագործեն ընդդեմ ԱՄՆ-ի։ Առայժմ տարածաշրջանային խաղացողները, այդ թվում՝ Չինաստանը, այդքան էլ մտահոգված չեն թալիբների իշխանության գալով, ինչքան որ կարելի էր սպասել»։