Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտին-Փաշինյան հանդիպումը շատ հարցերի պատասխան կտա. Ուշակով

Պուտին-Փաշինյան հանդիպումը շատ հարցերի պատասխան կտա. Ուշակով
Միջազգային
18:33, 06 май 2024
Կրեմլը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ին նախատեսվող հանդիպմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը կարծում է, որ դա կօգնի երկկողմանի հարաբերություններում դնել «i» կետը: «Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ինչպես մենք ակնկալում ենք, բաց կքննարկվեն առաջնորդների միջև»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանն ապրիլին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագոււյն ժամանակները չեն ապրում, և նշել է, որ վերջին շրջանում նկատելիորեն նվազել են շփումները երկու երկրների ղեկավարների միջև։

«Քննադատություններ են հնչում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի հասցեին: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա դուք գիտեք, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս չի հրաժարվել այդ կազմակերպությունում լիարժեք մասնակցությունից: Սակայն նրանք չեն մասնակցում զորավարժություններին և պատրաստվում են ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից: Միևնույն ժամանակ Հայաստանում ցուցադրաբար զարգանում է երկխոսությունը Արևմուտքի հետ, այդ թվում՝ քննարկվում են Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ական գծի կապերը: Այսինքն՝ ներկայումս շատ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են հենց ղեկավարների միջև քննարկում»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։  

Նրա խոսքով՝ երկկողմ հանդիպումը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո, և այն կլինի բավականին բովանդակալից։ Ուշակովը նշել է, որ հունվարին Հայաստանը հրապարակել է ԵԱՏՄ-ում իր նախագահության առաջնահերթությունները, «և այդ առաջնահերթությունները գործնականում համընկնում են» ԵԱՏՄ շրջանակներում հիմնական առաջնահերթությունների հետ, որոնք առաջադրվել են Ռուսաստանի կողմից իր նախագահության ժամանակ՝ 2023 թվականին: Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները, Հայաստանի վարչապետը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հրավիրվել են Կուբայի և Ուզբեկստանի դիտորդ պետությունների ղեկավարները։