Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն օգտվել ռուս-ուկրաինական բախումից, եթե Ռուսաստանը կորցնի վերահսկողությունը. քաղաքագետները՝ ռուս-ուկրաինական զարգացումների մասին

Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն օգտվել ռուս-ուկրաինական բախումից, եթե Ռուսաստանը կորցնի վերահսկողությունը. քաղաքագետները՝ ռուս-ուկրաինական զարգացումների մասին
Միջազգային
17:19, 15 февраль 2022
Չնայած վերջին շրջանում ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մոտակա ժամանակները չի հարձակվի Ուկրաինայի վրա, և երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա։ 

Նշենք, որ օրերս Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնք բնութագրվում են որպես Բելառուսի և Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների և Ուկրաինայի հիպոթետիկ ագրեսիան հետ մղելու ու Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրների մշակում։ 

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին լուրերը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն անվանել է անհիմն լարվածություն և ասել, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ  Ուկրաինան վերջին շրջանում ստեղծված լարվածության ֆոնին ստանում է քաղաքական լուրջ վնասներ․ «Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը բավական լարված է, բազմաթիվ պատգամավորներ փախել են երկրից, արտաքին գործընկերների հետ հարաբերություններն են բարդացել՝ կա խնդիր օդային ուղևորափոխադրումների հետ, ինչպես նաև Կիևից դեսպանությունների տեղափոխման հետ կապված»։ 

Քաղաքագետի համոզմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հարձակվի Ուկրաինայի վրա, չնայած բազմաթիվ քաղաքագետների կանխատեսումներին, քանի որ Պուտինը չի սիրում գործել այնպես, ինչպես իրենից սպասում են. «Բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը նաև այդ ռազմական ճնշման գործողությունը՝ զորավարժությունների տեսքով, իրականացնում է՝ փորձելով Ուկրաինային ստիպել վավերագրել Մինսկի համաձայնությունները և դնել գործողության մեջ։ Օրինակ՝ Դոնբասի շրջանի հատուկ կարգավիճակը, երաշխիքներ, որ Դոնբասի ներկայիս ղեկավարությունը չի հետապնդվելու Ուկրաինայում քաղաքական և ռազմական ձևով, տալ երաշխիքներ, որ նրանք Ուկրաինայի քաղաքական վերնախավի մաս են դառնալու և ունենալու են հնարավորություն Ուկրաինայի արտաքին դիրքորոշման վրա ազդելու»։
    
Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է նաև, որ Ուկրաինան չեղարկելու է իր մղումը դեպի ՆԱՏՕ. «Ռուսաստանի իշխող վերնախավի տեսանկյունից՝ կա կարիք խուսափելու, որ Ուկրաինան երբևէ հայտնվի ՆԱՏՕ-ի կազմում, որովհետև դա հակասում է Ռուսաստանի անվտանգության կենսական շահերին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը համակարծիք են Պուտինի հետ, որ Ուկրաինան չեղարկի իր մղումը դեպի ՆԱՏՕ, և այդ գծով են տանում Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։ Հիմա կարելի է ասել, որ որոշակի կոնսենսուս կա, որպեսզի Ուկրաինան այդ ուղղությամբ գնա»։  

Քաղաքագետը հավելեց նաև, որ մեկ այլ խնդիր էլ Ռուսաստանի համար այն է, որ ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվում են Ուկրաինայում առանց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության. «Ռուսաստանը պահանջել է, որ Արևմուտքը իր բոլոր ռազմական և անվտանգային ենթակառուցվածքները  հանի Ուկրաինայի տարածքից, և վերջին շաբաթվա ընթացքում դա իրականացվել է։ Կարելի է ասել, Ռուսաստանի և Արևմուտքի միջև համահունչ գործողություններ կան»։   

Հարցին՝ ռուս-ուկրաինական հնարավոր բախումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի համար, քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն օգտվել դրանից, բայց դա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կորցնի վերահսկողությունը. «Այս պահի դրությամբ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը, և դժվար է ակնկալել, որ նույնիսկ բախումների ժամանակ Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև Ադրբեջանն ունի իր ագրեսիվ պլանները Հայաստանի հանդեպ, և դա ինչ-որ մի պահի փորձելու է իրագործել»։   

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը, ի տարբերություն քաղաքագետ Հրանտ Միքայելյանի, նշեց, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների հանդարտման բավարար հիմքեր դեռևս չկան. «Ինչպես հնչում են հայտարարություններ դիվանագիտական ճանապարհի դեռևս առկա տարբերակների մեխանիզմների մասին, այդպես էլ խոսվում է, որ էլ ավելի մեծացել է ռազմական ուժի կուտակումը և հետևաբար նաև ռազմական բախման հնարավորությունը։ Օրինակ՝ նույն Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարում է՝ անդունդի եզրին եք հասել, չնայած կա դիվանագիտական ճանապարհով շարժման սահմանափակ հնարավորություն։ Այսինքն՝ հայտարարությունները հնարավոր ռազմական բախման և դիվանագիտական քաղաքական հանգուցալուծման մասին արդեն շաբաթներ շարունակ կողք կողքի շարունակվում են»։ 

Քաղաքագետի խոսքով՝ եթե նույնիսկ որևէ կողմը նպատակ ունենա ռազմական գործողություններ սկսելու, իր այդ մտադրության մասին բարձրաձայն չի հայտարարի. «Անգամ այդպիսի ցանկության և ծրագրերի պարագայում խոսելու է դիվանագիտական քաղաքական պատրաստակամության մասին։ Եվ այս տեսանկյունից հայտարարությունները ամբողջապես չեն արտացոլում բուն իրավիճակն ու իրականությունը»։ 

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ եթե ռազմական գործողություններ լինեն, դրանք մատուցվելու են այնպես, որ ուկրաինացիները դիմել են ռազմական սադրանքի և դրա համար պատասխան են ստացել. «Այսինքն՝ ռազմական գործողության պատասխանատվությունը Ռուսաստանը քարոզչական դաշտում դնելու է Ուկրաինայի վրա։ Եվ այս իմաստով Ուկրաինայի վարքագիծը բխում է այս տրամաբանությունից՝ անել ամեն ինչ Ռուսաստանին առիթ չտալու համար։ Զելենսկու և Ուկրաինայի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները հնարավոր է դիտարկել նաև այս տրամաբանության շրջանակում։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Ուկրաինայի իշխանությունը պետք է ամեն ինչ անի հասարակության շրջանում խուճապային գործողություններ թույլ չտալու համար, որովհետև այդ խուճապը կարող է լինել պատերազմի որոշակի մաս և քաղաքական դիմադրողականության թուլացման հանգեցնել։ Արևմտյան դիրքորոշումներում հստակ երևում է ճնշումը Ուկրաինայի վրա Մինսկյան համաձայնություններում որոշակի քայլերի գնալու համար, և Ուկրաինայի ներքին հայտարարությունները միտված են նաև այդ ճնշումը դիմակայելուն»։ 

Ռուսաստանը մերժել է Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին մասնակցությունը։ 

Քաղաքագետն ընդգծում է, որ հենց ռուս-ուկրաինական լարվածությամբ է պայմանավորված Ռուսաստանի չմասնակցելը համաժողովին. «Ռուսաստանը որևէ տարբերակով և մակարդակով մասնակցություն չի ունենում վերջին 20 տարում առաջին անգամ, և սա կապված է ուկրաինական զարգացումների հետ։ Սա ևս մեկ ցուցիչ է, որ Ռուսաստանը իր հնարավոր գործողությունների շարքում  ռազմական բաղադրիչի կիրառման հավանականությունը դիտարկում է բավական բարձր։ Բայց այս ամենը չի նշանակում, որ այդ բաղադրիչն անպայմանորեն կիրառվելու է՝ լինելու է պատերազմ, հակառակը՝ հնարավոր է խաղադրույքները բարձրացնում են՝ շատ լավ իմանալով, որ ի վերջո լինելու է քաղաքական հանգուցալուծում»։

Հակոբ Բադալյանը հիշատակեց, որ Ռուսաստանի՝  Ուկրաինա լայնածավալ ներխուժման մասին խոսակցությունները թե քաղաքական, թե փորձագիտական շրջանակները շատ քիչ հավանական են համարում, բայց կա այլ վտանգ, որ փոքր մասշտաբի գործողությունները դուրս գան կառավարումից և վերածվեն մեծ բախման. «Եվրոպական դերակատարները՝ մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան, զգալիորեն ունեն մտավախություն այս առնչությամբ, ինչպես նաև նկատելի է ԱՄՆ-ի մտավախությունը, որովհետև Ուկրաինային հարակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում էապես բարձրացնում են իրենց ռազմական ներկայությունը»։ 

Հակոբ Բադալյանի մեկնաբանմամբ՝ տեղի է ունենում քաղաքական պայքար ոչ միայն Ուկրաինայի համար, այլև միջազգային անվտանգության համակարգում դիրքերի համար. «Այս տեսանկյունից մենք Ուկրաինայում տեսնում ենք խտացված ու լայն գործընթաց, որը մինչև Ուկրաինա հասնելն անցել է աշխարհի մի շարք այլ ռեգիոններով։ Մի որոշ ժամանակ առաջ Կենտրոնական Ասիայում էր բավական թեժ, մոտ 1,5 տարի առաջ մենք էինք դարձել պատերազմի թիրախ, որը միայն արցախյան հարցի խնդրով չէր պայմանավորված, Սիրիա, Մերձավոր Արևելք և այլն։ Եվ այս պրոցեսում ձևավորվում է նոր աշխարհակարգ, որտեղ խոշոր խաղացողները դիրքավորվում են իրենց կարողությունների և իրենց ռազմավարությունների չափով»։ 

Քաղաքագետի խոսքով՝ եթե դիտարկենք այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայի շուրջը, պետք է հետ գնալ 2020թ. հունվար, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներին առաջարկեց նստել և քննարկումներ սկսել նոր աշխարհակարգի շուրջ, և այդ հայտարարությունն արձագանք չգտավ Անվտանգության խորհրդի մյուս անդամների շրջանում. «Բայց հիմա մենք Ուկրաինայում տեսնում ենք, որ կա այդպիսի պրոցես, այսինքն՝ խոշոր խաղացողները որոշակի ինտենսիվությամբ ներգրավված են այս պրոցեսում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ուկրաինայի ուղղությամբ գնալով ռազմական ծավալման՝ Պուտինը փորձեց այդ տարբերակով խթանել այդպիսի քննարկումներ, որպեսզի իր հետ հաշվի նստեն, իրեն որոշակիորեն վերադարձնեն միջազգային քննարկումների առաջին սեղան»։ 

Ռուս-ուկրաինական ռազմական բախումներն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Քաղաքագետը կարծում է, որ այս պարագայում Կովկասը դիտվելու է Ռուսաստանի թիկունք, և շատ մեծ է հավանականությունը, որ որոշակի փորձեր կարող են լինել Ռուսաստանին թիկունքից հարվածելու կամ Ռուսաստանի զբաղվածությունից օգտվելու և որոշակի խնդիրներ լուծելու. «Դա կարող է դիտարկել Ադրբեջանը և այն երկրները, որոնք Իրանի հետ կապված խնդիրներ ունեն»։ 

Հարցին՝ Ռուսաստանի թիկունքից հարձակվել ասելով նկատի ունեք Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանը հարձակվի՞ Հայաստանի վրա՝ Հակոբ Բադալյանն արձագանքեց. «Պարզ է, որ Ադրբեջանն ինքնին ոչինչ է այդպիսի քայլի գնալու համար, այստեղ խնդիրն այն է, թե իրեն ինչպես կպահի Թուրքիան, և միևնույն ժամանակ, թե ինչպիսին կլինի ուկրաինական հարցում ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերության տրամաբանությունը։ Ես կարծում եմ, որ եթե ռազմական էսկալացիան ընթանա այնպիսի տրամաբանությամբ, որտեղ ԱՄՆ-ն կտեսնի իր համար մեծ ռիսկեր, ապա մենք չենք կարող բացառել, որ փորձ կարվի Կովկասում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել և բարդացնել Ռուսաստանի դիրքերը Ուկրաինայի ուղղությամբ»։  

Քաղաքագետն այս համատեքստում ընդգծեց, որ Ուկրաինայի շուրջը զարգացումների ֆոնին կան նաև դիվանագիտական շփումներ՝ Կովկասի ուղղությամբ ռիսկերը չեզոքացնելու համար. «Ռուս-իրանական շփում տեղի ունեցավ, այսօր տեղեկություն եղավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի և Իրանի արտգործնախարարի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ քննարկվել են միջուկային բանակցության մասին թեմաները, բայց ես կարծում եմ՝ նաև քննարկումները ներառում են ընդհանուր տրամաբանություն՝ կապված ուկրաինական թնջուկի հետ. աշխատանք է տարվում, որ անկայունությունը չտարածվի այլ ռեգիոններ, այդ թվում նաև՝ Կովկաս»։  

Նարա Մարտիրոսյան