Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի նախագահը չի բացառել ՌԴ կողմից պատերազմի սկիզբը, Մոսկվան արձագանքել է

Ուկրաինայի նախագահը չի բացառել ՌԴ կողմից պատերազմի սկիզբը, Մոսկվան արձագանքել է
Քաղաքականություն
20:15, 10 сентябрь 2021
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմի իրական սպառնալիք կա՝ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Զելենսկին կարծիք է հայտնել, որ պատերազմը կարող է սկսել Ռուսաստանը: Ռազմական հակամարտության դեպքում, ըստ Զելենսկու, ՌԴ և Ուկրաինայի միջև այլևս չեն լինի բարիդրացիական հարաբերություններ: 

Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան չի պարտվի Ռուսաստանի հետ ապագա պատերազմում: Եվ այս հարցում, ըստ նախագահի, Կիևը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի վրա: Այդուամենայնիվ, Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի հետ պատերազմը համարել է վատագույն սցենարը, որը կարող է պատահել: 

Վերլուծաբանների համար անհասկանալի է Զելենսկու այս վստահությունը, քանի որ Վաշինգտոն կատարած այցից հետո նա հայտարարեց, որ ամերիկացիներից ոչ մի երաշխիք չի ստացել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում:

Սակայն Զելենսկին անդրադարձել է նաև այդ հարցին: «Եթե ԵՄ-ն ցանկանում է մնալ հզոր, իսկ ՆԱՏՕ-ն՝ պահպանել իր ուժը, Ուկրաինայի նման երկրները պետք է լինեն նրանց կազմում»,- ասել է նա: 

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի հավանականության մասին Զելենսկու հայտարարությանն արձագանել է Մոսկվան: Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը հայտարարել է. «Զելենսկին իրեն գլխավոր հրամանատարի դերում է պատկերացնում և թույլ է տալիս երևակայություններ Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման մասին: Նման հակառուսական հայտարարությունների նպատակը միշտ նույնն է` Ուկրաինայի բնակչության և համաշխարհային հանրության աչքում Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր երկիր, որն, իբր, պատրաստ է հարձակվել հարևան պետությունների վրա: Սա սուտ է, նաև պետական մակարդակով սադրանք, որն ավելի է բարդացնում մեր երկրների՝ առանց այն էլ չափազանց բարդ հարաբերությունները»: