Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայ համայնքների մարտահրավերն է` Բայդենին և Մակրոնին հասկացնել, որ պետք է կամ պարտավորվեն պաշտպանել Արցախը, կամ իսկապես մանդատ տան ռուսներին՝ կատարելու այդ առաքելությունը․ Արա Թորանյան

Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայ համայնքների մարտահրավերն է` Բայդենին և Մակրոնին հասկացնել, որ պետք է կամ պարտավորվեն պաշտպանել Արցախը, կամ իսկապես մանդատ տան ռուսներին՝ կատարելու այդ առաքելությունը․ Արա Թորանյան
Միջազգային
21:15, 12 декабрь 2022
Civic.am-ի հարցերին պատասխանում է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:

-Պարոն Թորանյան, Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևերից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ֆրանսիա և հանդիպումներ ունեցավ Սենատի ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս այցը Ֆրանսիա-Արցախ համագործակցության տեսանկյունից: 

-Այս այցը մեծ քաղաքական իրադարձություն էր Ֆրանսիայում Արցախի խնդրի բարձրաձայնման առումով։ Այն փաստը, որ պատվիրակությունը բարձր ընդունելության արժանացավ Հայաստանի շահերից բխող և Ադրբեջանին դատապարտող խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունած շատ խիստ բանաձևերից անմիջապես հետո, հաստատում է Ֆրանսիայի քաղաքական աջակցությունը հայ ժողովրդին: Նրա հանդիպումները Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների երեք քաղաքապետերի և շատ բարձրաստիճան, կարևոր անձնավորությունների հետ, ինչպիսիք են՝ Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը կամ Հարավային շրջանի նախագահ Ռենո Մուզելիեն, ինչպես նաև ստորագրվեց համագործակցության հռչակագիր «Օվերն-Ռոն-Ալպեր» շրջանի հետ, հաստատում են այս դրական տպավորությունը: Նաև Ֆրանսիայի գործադիրի կողմից Արայիկ Հարությունյանի նկատմամբ ոչ մի հրապարակային ակնարկ չի եղել, որ նա չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն է։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչների կազմակերպած աջակցության շարժումը չի կարող անտեսվել իշխանության կողմից։ Նախագահ Մակրոնը, հավանաբար, կխոսի այդ թեմայով հունվարի 25-ին կայանալիք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդի /CCAF-ի/ հետ ամենամյա ընթրիքի ժամանակ: 

-Արցախի նախագահը «France 24»-ին տված հարցազրույցում ընդգծել է՝ արցախահայությանը ագրեսոր Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգից փրկելու համար անհրաժեշտ են անվտանգության միջազգային ավելի հիմնարար երաշխիքներ։ Ըստ այդմ, Արցախն առաջարկել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատ տա: Իրատեսական համարո՞ւմ եք դա՝ հաշվի առնելով Մոսկվայի հետ Արևմուտքի լարված հարաբերությունները։

 -Ես չեմ կարող մեկնաբանել Արցախի նախագահի հայտարարությունը, բայց տրամաբանական եմ համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մանդատ տա ռուսական խաղաղապահ ուժերին, որպեսզի նրանք երաշխավորեն հայ բնակչության անվտանգությունը, քանի որ «պաշտպանելու պատասխանատվությունը» միջազգային իրավունքի հարց է։ Ինձ թվում է, որ մեր դիվանագիտության և Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայ համայնքների քաղաքական մարտահրավերն է` Բայդենին և Մակրոնին հասկացնել, որ առանց միջդիրքային ուժերի 3 տարի հետո Արցախն այլևս չի լինի, և որ այս պայմաններում, եթե նրանք ցանկանում են հետևողական լինել իրենց երկրի աջակցությանը հայերին, ապա պետք է կամ պարտավորվեն պաշտպանել Հայաստանը, կամ իսկապես մանդատ տան ռուսներին՝ կատարելու այդ առաքելությունը, եթե նույնիսկ ռուսներին իրենց քաղաքական հակառակորդ են համարում։ Հայաստանի և Արցախի գործը վերաբերում է մարդու իրավունքներին, արևմտյան ժողովրդավարությունների արժեքներին. Եթե կոնկրետ Հայաստանի և Արցախի դեպքում ռուսներին պետք է կոչ անել պաշտպանելու՝ բախվելով Ադրբեջանի և Թուրքիայի բռնատիրական պետությունների դիմադրությանը, ապա Մակրոնն ու Բայդենը չպետք է վարանեն։ Նրանք պետք է վեր կանգնեն այն խնդիրներից, որոնք ազդում են մարդկության, քաղաքակրթության պաշտպանության վրա: Մեզանից պահանջվում է համոզել նրանց։ Ինչ վերաբեում է մամուլում հնչած արձագանքներին, այս տեսակի այցերը երբեք չեն լուսաբանվում՝ բացառությամբ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նախագահների, կամ երբ նրանք միջազգային խոշոր իրադարձությունների մաս են կազմում: Այն, որ Արայիկ Հարությունյանի ասուլիսը համախմբել էր շուրջ երեսուն լրագրողի, և որ հրապարակվել են մի քանի հոդվածներ, ինչպես նաև մեծ հարցազրույցը՝ France 24-ին, շատ դրական է։

-Ըստ Ձեզ՝ Սենատի ընդունած բանաձեւը կարո՞ղ է հավանության արժանանալ գործադիր իշխանության կողմից և, կյանքի կոչվել, թե՞ մնալու է խորհրդատվական աջակցության մակարդակում։ Ի՞նչ ազդակներ կան:

-Սենատի և Ազգային ժողովի որոշումները, պարտավորեցնող չլինելով կառավարության համար, այնուամենայնիվ, ցույց են տալիս ճանապարհ, ուղղություն։ Ես չեմ կարծում, որ Ֆրանսիայի Կառավարությունը կարող է բանաձևը անտեսել։ Ամեն դեպքում մենք կշարունակենք ակտիվ աշխատանքներ տանել, որպեսզի այդ բանաձեւերը կյանքի կոչվեն՝ անկախ Ադրբեջանի լոբբինգի հակաքայլերին։
Մակրոնը, ինչպես շատ ֆրանսիացի պաշտոնյաներ, Հայաստանի բարեկամն է։ Նա այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել։ Ես կարծում եմ, որ նա զգայուն է և կապված է հայության խնդիրներին: Ես չեմ կարծում, որ նա Հայաստանին կթողնի ճակատագրի քմահաճույքին։ Ամեն դեպքում, մենք մոբիլիզացվելու,մեր ուժերը ներդնելու ենք, որպեսզի այդպես չլինի։

-Փարիզում տեղի է ունեցել նաև Արցախի պատվիրակության և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը, ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ մտքեր են փոխանակվել քննարկման ընթացքում: 

-Արցախի պատվիրակության և համայնքի հետ հանդիպումը նույնպես մեծ հաջողությամբ ընթացավ: Հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներն արձագանքել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի CCAF-ի կոչին, որը համախմբում է Ֆրանսիայի գրեթե բոլոր հայկական կազմակերպություններին։ Բոլոր հարցերը կենտրոնացած էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրների շուրջ։ Բանավեճը շատ լավ մակարդակի վրա էր և ցույց տվեց հայազգի ֆրանսիացիների աջակցության պատրաստակամությունը Հայաստանի, Արցախի իրենց եղբայրներին։ Մենք հիմա աշխատում ենք միասնաբար, որպեսզի այս համերաշխությունը վերածվի ավելի կոնկրետ և ուժեղ աջակցության Հայաստանին և Արցախին։ Կասկածից վեր է, որ այս հանդիպումը կամրապնդի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի CCAF-ի դիրքերը Ֆրանսիայի քաղաքական դաշտում: Բնականաբար դա շատ դրական կլինի Հայաստանի ու Արցախի համար։

Թամարա Ղազարյան